«Արևի հովանու ներքո» ծրագրի շրջանակում անցկացվող արարողության շրջանակներում Երևան է բերվել Իմամ Ռեզայի սրբավայրի օրհնված դրոշը։ Միջոցառումը նվիրված է Քարամաթի տասնօրյա տոնակատարություններին, հայտնում է Tasnim-ը։
Իրանական գործակալության տեղեկություններով՝ արարողությանը ներկա են եղել Հայաստանում բնակվող իրանցիների խումբը և շիա մուսուլմաններ։ Միջոցառման ընթացքում բարձրացվել է Իմամ Ռեզայի սրբավայրից բերված օրհնված դրոշը, որպեսզի այցելուները կարողանան իրենց հարգանքի տուրքը մատուցել և օրհնություն ստանալ։
Մասնակիցների թվում են եղել Հայաստանում Իրանի մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը և Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Հոջաթոլեսլամ Ռոստամին։ Միջոցառման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ընդգծել է Ասթան Քուդս Ռեզավիի մշակութային և հոգևոր կարգավիճակը՝ նշելով, որ այս հաստատությունը ծառայում է որպես Իսլամական Հանրապետության «փափուկ ուժի կենտրոն»։
Դեսպանը հավելել է, որ Ասթան Քուդս Ռեզավիի միջազգային մակարդակով մշակութային գործունեությունը կարող է արդյունավետ դեր խաղալ հոգևոր կապերի ամրապնդման և իսլամական Իրանի ինքնատիպ մշակույթին ծանոթանալու գործում։
Դեսպանն ասել է, որ տարբեր երկրներում «Արևի հովանու ներքո» քարավանի ներկայությունն արժեքավոր նախաձեռնություն է՝ ուղղված Իմամ Ռեզայի հետ կապված մշակույթի տարածմանը։