Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հյուսիս-արևելքում գտնվող և հակամարտություններից տուժած Իտուրի նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «AFP» գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին և անվտանգության ծառայություններին։
Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ օգտակար հանածոներով հարուստ ԿԴՀ արևելյան հատվածը մարտադաշտի է վերածվել տարբեր զինված խմբավորումների միջև, որոնք պայքարում են բազմաթիվ հանքավայրերի վերահսկողության համար։ Երկու էթնիկ խմբեր՝ հեմա և լենդու ժողովուրդները, ներքաշված են ոսկով հարուստ Իտուրի նահանգում տեղի ունեցող տևական ու արյունալի հակամարտության մեջ։ Այն սահմանակից է Ուգանդային և Հարավային Սուդանին։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ «Կոնգոյի զարգացման կոոպերատիվ» (Codeco) զինված խմբավորման անդամները, ովքեր պնդում են, թե պաշտպանում են լենդու ժողովրդի շահերը, ապրիլի 28-ին հարձակվել են մի քանի գյուղերի վրա։ Տեղական աղբյուրները և անվտանգության ծառայությունները «AFP»-ին հայտնել են, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ։
Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործողությունները հակահարված են եղել մեկ այլ զինված խմբավորման՝ «Ժողովրդական հեղափոխության կոնվենցիայի» կողմից իրականացված ավելի վաղ հարձակմանը։ Վերջինս հայտարարում է, թե պայքարում է հեմա համայնքի համար։ Նրանք գրոհել էին Պիմբո բնակավայրի մոտակայքում գտնվող կոնգոյական բանակի դիրքերը։
Քաղաքացիական հասարակության առաջնորդ Դյեդոնե Լոզան «AFP»-ին հայտնել է, որ ապրիլի վերջին Codeco-ի զինյալների իրականացրած պատասխան հարձակումների հետևանքով առաջացած զոհերի թիվն անցել է 70-ը։