Իրանում տեղի ունեցող պատերազմի և նավթի գների բարձրացման պատճառով Գերմանիայի բնակիչների երկու երրորդը սկսել է ավելի խնայողաբար օգտագործել էներգիան։
Այս մասին են վկայում «Verivox» գների համեմատման պորտալի պատվերով իրականացված ներկայացուցչական հարցման արդյունքները, որոնք տրամադրվել են «Funke Mediengruppe» մեդիախմբի թերթերին։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56%-ն անջատում է էլեկտրոնային սարքերը՝ դրանք սպասման ռեժիմում թողնելու փոխարեն, 52%-ը գիտակցաբար կրճատում է էլեկտրաէներգիայի սպառումը, 55%-ը նվազեցնում է ջեռուցման ջերմաստիճանը, իսկ 47%-ը փորձում է խնայել տաք ջուրը։
Վառելիքի գների աճը նույնպես ազդել է տրանսպորտային սովորությունների վրա։ Հարցման տվյալներով՝ գերմանացիների 48%-ը սկսել է ավելի հազվադեպ օգտվել ավտոմեքենայից։ Դրա փոխարեն 29%-ը ավելի հաճախ է անցնում հեծանիվի, իսկ 24%-ը նախընտրում է ավտոբուսը կամ գնացքը։
Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 27%-ը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում էներգիա խնայելու համար։
Նրանցից ավելի քան կեսը (52%) դա բացատրել է նրանով, որ արդեն երկար ժամանակ է՝ խնայողաբար են սպառում և ծախսերն ավելի շատ կրճատելու հնարավորություն չեն տեսնում։