«Ապաքաղաքական» բլոգերներն ու մեդիամանիպուլյացիաների թիրախում գտնվող հայ հասարակությունը

Վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` ընտրություններին ընդառաջ ավելի ու ավելի շատ լսարան ունեցող կամ լսարան հավաքելու ճանապարհին գտնվող բլոգերներ են դուրս գալիս ստվերից, հանդես գալով Հայաստանի իշխանություններին աջակցման դիրքերից, իհարկե, չմոռանալով պարբերաբար թմբկահարել իրենց ապաքաղաքական լինելու մասին։

Քաղաքականությամբ «չզբաղվող», բայց չգիտես ինչ զուգադիպությամբ Փաշինյանին ուղղակի կամ անուղղակի աջակցող բլոգերների այս բանակը բազմաշերտ է, գրագետ ու պրոֆեսիոնալ ոլորտային մասնագետներից մինչ ժամանց ապահովող, առողջական խնդիրների դեմ պայքարի մասին բլոգ վարող ու խանութպան անձինք։ Նրանց բոլորին միավորում է, սակայն, մի բան, բոլորն էլ կարծես սկսել են բլոգերությունն իրապես ապաքաղաքական կոնտենտով, այնուհետև ինչ֊որ պահի լծվել են իշխանական քարոզի։

Գաղտնիք չէ, որ հայ հասարակությունն անչափ կարեկցող ու հարեհաս է և, փառք Աստծո, որ այդպես է, դրա մեջ վատ բան չկա, սա նշանակում է, որ երբ մարդիկ տեսնում են անվասայլակի վրա կամ առողջական այլ խնդրով մարդու, կարեկցում են, սոցցանցերում այդ կարեկցանքը դրսևորվում է լայքերի, կիսումների, մեկնաբանությունների տեսքով։ Կարեկցողներից քչերը գիտեն, որ իրենք մի օր կարող են հայտնվել բոլորովին այլ միջավայրում ու ինչ֊որ պահի այդ էջերից իշխանական քարոզ կարող է հնչել։ Այստեղ է, որ մեդիագրագիտության պակաս ունեցող մարդիկ անգիտակցաբար հայտնվում են մեդիամանիպուլյացիաների թակարդում, երբեմն դառնալով իշխանական քարոզ սփռող։

Ֆեյսբուքյան հայկական տիրույթում տևական ժամանակ է ամենատարբեր էջեր ու անհատների օգտահաշիվներ են առաջարկվում մարդկանց, որ բաժանորդագրվեն, այս էջերն ու օգտահաշիվներն առաջին հայացքից, գուցեև, ապաքաղաքական են, բայց դրանցից շատերը ծպտյալ, իսկ վերջերս արդեն բացահայտ, իշխանական քարոզ են անում։

Այն, ինչ վերջին օրերին տեսնում ենք, օրինակ բլոգերների բունկերում հայտնվելն ու լուսանկարներ, տեսանյութեր տարածելը, ցույց տալու նպատակով, թե այս իշխանություններն իբրև թե որքան բան են անում բանակի համար իրականում նոր բան չէ և նոր չի սկսվել, այս «ապաքաղաքական» բլոգերները դեռ շաբաթներ կամ ամիսներ առաջ են սկսել քաղաքականությամբ «զբաղվել» ու, անպայման, հօգուտ փաշինյանական իշխանության, հիմա, նախընտրական այս փուլում պարզապես ավելի բաց ու ավելի ագրեսիվ են դա անում:

«Հրապարակը» նման էջերի ու պրոֆիլների ընդամենը մի քանի օրինակ է առանձնացրել այս հոդվածում, փորձենք հասկանալ` ինչպես կարելի է նման քաղաքական կոնտենտով լինել ապաքաղաքական, ինչի համառ պնդումն անում են նշված բլոգերներից շատերը։

Փորձենք գալ համեմատաբար վերջին «անակնկալներից», երբ իրենց ապաքաղաքական համարող բլոգերները հայտնվեցին պաշտպանական բունկերներում, ովքեր էին նրանք, ինչի՞ց էին սկսել: Իսկ սկսել էին իրոք ապաքաղաքական կոնտենտով, արդյո՞ք ի սկզբանե էր պլանավորված այս ամենը իշխանությունների քարոզչության համատեքստում, թե՞ ընթացքում հասկացան, որ ուզում են աջակցել Փաշինյանին, պարզ չէ։

Օրինակ, 222lava անունով էպատաժային բլոգերը հայտնի էր իր դաջվածքներով, հյուսիսային պողոտայում մրցույթներ կազմակերպելով, իսկ վերջերս պարբերաբար տեսնում ենք իշխանությունների օգտին ամենատարբեր ձևերով քարոզչություն անելիս։

Հաջորդ բլոգերը` Հովո անունով, սոցցանցերում ավելի հայտնի է որպես հագուստի խանութի տնօրեն, կարծես, բավականին ապաքաղաքական կոնտենտ ուներ, տևական ժամանակ տարբեր ինտերակտիվ մեթոդներով, տեսանյութերով հագուստի վաճառք էր փորձում ապահովել, նաև մեծ լսարան հավաքեց, նա ևս այս օրերին նկատվում է իշխանությունների օգտին քարոզ անելիս, թեպետ շարունակ պնդում է, որ ապաքաղաքական է։

Հաջորդիվ գալիս է ֆեյսբուքյան Level up էջը, որն օգտատերերին տևական ժամանակ է առաջարկվում էր, այս էջի կոնտենտը ևս ժամանակին այլ էր։

Էջը մոդերացիա անողը պատմում էր իր մոր անբուժելի հիվանդության մասին, նկարներ տեղադրում, վերջին շրջանում, սակայն, աչքի է ընկնում իշխանական քարոզ անելիս։

Այնուհետև գալիս է մեկ այլ անհատի ֆեյսբուքյան օգտահաշիվ` առողջական խնդիր ունեցող երիտասարդի, որը ևս առաջարկվում էր ֆեյսբուքյան հայկական տիրույթում, երիտասարդը պարբերաբար ապաքաղաքական նկարներ էր հրապարակում, սակայն ինչ֊որ պահի իշխանությունների հակաեկեղեցական արշավի ընթացքում կանգնեց իշխանությունների կողքին, լուսանկարներ հրապարակելով կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) հետ, աջակցելով վերջինիս, այս օգտատեր֊բլոգերը ևս կարծես պարբերաբար հիշեցնում է, որ ապաքաղաքական է։

Իշխանությունների փիառն ապահովելու ճանապարհին վերջիններիս իրենց օժանդակությունն են բերում նաև, գուցե անգիտակցաբար, պատերազմին մասնակցած, հաշմանդամություն ձեռք բերած, որոշակի լսարան ու համակիրների բանակ ունեցող մեր որոշ հերոսներ։

Որոնցից ոմանք, ի միջի այլոց, իշխանականների հետ համատեղ լուսանկարներից ու ջերմ զրույցներից հետո, մեղմ ասած, մոռացվում են վերջիններիս կողմից։

Կան անհատների օգտահաշիվներ, որոնք, ըստ օգտահաշվում եղած հրապարակումների, բարեգործների են պատկանում,

Նման օգտահաշիվներին ևս ֆեյսբուքն առաջարկում է բաժանորդագրվել, սակայն երբ սկսում ես ուսումնասիրել դրանք ու խորանալ, կարող ես հանդիպել ընդդիմությանը քննադատող կամ վիրավորող գրառումներ։

Կան նաև ֆեյսբուքյան տարբեր խմբերում իրենց էջերն առաջխաղացնող բլոգերներ, ովքեր իշխանությունների հորինած հիշատակի օրերի, տոների, օրակարգերի առաջխաղացմամբ են զբաղվում։

Կան նաև բլոգերներ, ովքեր որոշակի խնդիրներ են բարձրաձայնում, դրանով իսկ սխալմամբ շատ ընդդիմադիրների կողմից ընկալվելով որպես ընդդիմադիր, բայց տեսնում ենք ոչ միայն լավ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ,

այլև պարբերաբար գովեստի խոսքեր են հնչեցնում այս կամ այն իշխանականի հասցեին, այս կամ այն խնդրին ականջալուր լինելու և դրան լուծում տալու համար։

Եվ կան օրինակ շատ մեծ լսարան ունեցող ու բավականին հայտնի բլոգերներ, ովքեր նոր չէ որ լծված են իշխանական քարոզն անելուն,

օրինակ այս բլոգերը այս լուսանկարում, որը 2023֊ի իր մի տեսանյութից է քննադատում ու ինչ֊որ տեղ ծաղրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով պարբերաբար խոսում է հայապահպանության կարևորության մասին ու չի սատարում իշխանությունների քաղաքականությունը, այս տեսակի բլոգերներն օրինակ երբեմն նաև իշխանությունների հասցեին են որոշակի քննադատություն հնչեցնում, երևի թույլատրելիի սահմաններում ու օբյեկտիվությունը լսարանի աչքերում ամբողջությամբ չկորցնելու համար, բայց նրանց «հիմնական առաքելությունը» շարունակում է մնալ ընդդիմությանը ծաղրելը, հեգնելը, անլրջացնելը։

«Ապաքաղաքական» և ապաքաղաքական ընկալվող, բայց մեղմ ասած ոչ ընդդիմադիր բլոգերների ցանկը շատ երկար է, այստեղ անդրադարձել ենք մի փոքր մասին միայն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *