Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է հրապարակել, որում կանխատեսել է տարածաշրջանից ԱՄՆ-ի շուտափույթ և անխուսափելի հեռացումը։ Այս մասին գրում է «IRNA» գործակալությունը։
Նրա կարծիքով՝ Իրանի հետ դիմակայությունում Վաշինգտոնի պարտությունը կդառնա պատմական շրջադարձ, որը համեմատելի կլինի բրիտանական գաղութատիրության մայրամուտի հետ։
Վելայաթին ԱՄՆ-ի ներկայիս վիճակը համեմատել է 20-րդ դարի կեսերին Բրիտանական կայսրության ճգնաժամի հետ. «Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ն շուտով ստիպված կլինի լքել տարածաշրջանն այնպես, ինչպես 1956 թվականին Մեծ Բրիտանիան պարտություն կրեց Ջամալ Աբդել Նասերից։
Կայսրությունը, որի վրա ժամանակին ասում էին, թե արևը երբեք մայր չի մտնում, կործանվեց։ Այսօր ԱՄՆ կայսրությունը միանշանակ փլուզվում է Իրանից ու Դիմադրության ճակատից կրած պարտության, ինչպես նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի հաստատած լիակատար վերահսկողության հետևանքով»,- գրում է քաղաքական գործիչը։
Հոդվածի զգալի մասն ուղղված է Իրաքի կառավարությանն ու քաղաքական ուժերին («Համակարգող շրջանակ»): Վելայաթին կոչ է արել Բաղդադին տեղի չտալ Վաշինգտոնի ճնշումներին։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս ազդեցություն չունի տարածաշրջանում, իսկ Իրաքի հասցեին նրա սպառնալիքները զուրկ են իրական ուժից։
Վելայաթին ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իրանը դարձել է պատմության մեջ միակ երկիրը, որին հաջողվել է հաղթանակ տանել ԱՄՆ-ի նկատմամբ և «Թրամփի դեմքը տապալել ցեխի մեջ»։