
Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Լաոդիկեա հին քաղաքում հնագետները հայտնաբերել են մոտ երկու մետր բարձրությամբ Աթենասի մարմարե արձան: Արևմտյան թատրոնի համալիրում գտածոյի մասին հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Արձանը գտնվել է ավերակների մեջ՝ բեմի արտաքին պատի հետևում։ Աստվածուհու գլուխը դեռևս չի հայտնաբերվել։ Սպիտակ մարմարից պատրաստված քանդակը պատված է բարակ պեպլոսով և թիկնոցով, իսկ կրծքավանդակի վրա պատկերված է Մեդուզայի գլուխը՝ օձերով։ Հագուստի ծալքերը մշակված են մանրակրկտությամբ, բայց կերպարի հետևի մասը մնացել է անավարտ, ինչը վկայում է, որ այն նախատեսված է եղել սյուների միջև տեղադրելու համար։