Լատվիայի օդային տարածքում դրոնների հետ կապված վերջին միջադեպերից հետո Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը («Առաջադիմականներ») կիրակի՝ մայիսի 10-ին, հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է LSM-ը։
Սպրուդսի խոսքով՝ «Պրոգրեսիվներ» կուսակցությունը կառավարության կազմում մնալ-չմնալու հարցը կորոշի հաջորդ շաբաթ՝ կուսակցության վարչության և Սեյմի խմբակցության նիստերի ժամանակ։
«Ես որոշել եմ թողնել պաշտպանության նախարարի պաշտոնը, որպեսզի զերծ պահեմ լատվիական բանակը քաղաքական արշավների մեջ ներքաշվելուց»,- մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Սպրուդսը։
«Վերջին օրերին և շաբաթներին մենք բախվել ենք դրոնների հետ կապված լուրջ միջադեպերի։ Դրոնները, օտար դրոնները, չպետք է սպառնան մեր ժողովրդի անվտանգությանը», — ասել է Սպրուդսը։
Նա ընդգծել է, որ պաշտպանության ոլորտը շատ բան է արել և կշարունակի անել ամեն ինչ՝ Լատվիայի օդային տարածքը պաշտպանելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
«Զինված ուժերը, պետության պաշտպանունակությունն ու մարդկանց անվտանգությունը շատ ավելի կարևոր են, քան նախարարական ցանկացած պաշտոն կամ կուսակցական շահը»,— նշել է Սպրուդսը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարքեր են ներթափանցել Լատվիայի օդային տարածք։ Դրանցից մեկն ընկել էր Ռեզեկնեի նավթամբարի տարածքում։ Բարեբախտաբար, ամբարները դատարկ են եղել, և միջադեպի հետևանքով տուժածներ կամ զոհեր չեն գրանցվել։
Այդ պահին երկրորդ անօդաչուի որոնումները դեռ շարունակվել են, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, ոստիկանությունը հայտնել է, որ երկու ԱԹՍ է հարվածել Ռեզեկնեի նավթաբազային։ Հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյո՞ք դա նույն անօդաչուն էր, որն անհետ կորած էր համարվում այլ վայրում։