Իրանի դեմ էսկալացիան երկարատև պատերազմ և համաշխարհային տնտեսական ցնցումներ կարող է առաջացնել ԱՄՆ-ի համար․ The Nation

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության հնարավոր վերսկսումն ու էսկալացիան չափազանց վտանգավոր քաղաքական ու ռազմավարական քայլ կլինի, քանի որ դրա հետևանքներն արդեն իսկ ի հայտ են եկել պատերազմի առաջին փուլում։ Այս մասին գրել է The Nation պարբերականի հոդվածագիր Մայքլ Քլեյրը։

Հեղինակն ընդգծում է, որ 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած լայնածավալ օդային և հրթիռային հարվածների գործողությունն ի սկզբանե նպատակ է ունեցել արագորեն ոչնչացնել երկրի ռազմական ու միջուկային ներուժը և հասնել իշխանափոխության։ Չնայած ԱՄՆ վարչակազմի հայտարարություններին, թե Իրանի ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը «չեզոքացվել է» և մեծ վնաս է կրել, հիմնական նպատակներն այդպես էլ չեն իրագործվել. քաղաքական վարչակարգը պահպանվել է, իսկ միջուկային հնարավորությունները, ներառյալ հարստացված ուրանի պաշարները, շարունակում են մնալ անկանխատեսելի գործոն։

Քլեյրի բնորոշմամբ՝ հակամարտության ռազմական արդյունքները բավականին երկիմաստ են։ Մի կողմից՝ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով հազարավոր օբյեկտներ և պատճառելով լուրջ ավերածություններ։

Մյուս կողմից՝ Իրանը պահպանել է պատասխան գործողություններ կատարելու իր կարողությունը, այդ թվում՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին և շրջափակելով ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Սա, իր հերթին, հանգեցրել է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի՝ խաթարելով նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումները։ Դա իր հերթին ցնցել է համաշխարհային շուկաներն ու լոգիստիկ շղթաները։

Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հակամարտության մարդկային ու նյութական ծանր հետևանքներին՝ Իրանի, Լիբանանի և Իսրայելի խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերին, ինչպես նաև տարածաշրջանի էներգետիկ ու տրանսպորտային համակարգերի կազմալուծմանը։

Ճնշման լրացուցիչ գործոն է դարձել ամերիկյան ՀՕՊ համակարգերի և հրթիռային պաշարների սպառումը, ինչը պոտենցիալ ռիսկեր է ստեղծում այլ ռազմավարական ուղղություններում՝ ներառյալ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հնարավոր բախումները։

Հոդվածագիրը վերլուծում է ԱՄՆ-ի հետագա գործողությունների հնարավոր սցենարները՝ սկսած նոր օդային հարվածներից մինչև Հորմուզի նեղուցի ծովային շրջափակում կամ Իրանի ներսում հատուկ գործողությունների փորձեր։ Այս բոլոր տարբերակները գնահատվում են որպես չափազանց ռիսկային, քանի որ դրանք կարող են հանգեցնել էլ ավելի մեծ էսկալացիայի, զոհերի թվի աճի և համաշխարհային մակարդակի ձգձգվող ճգնաժամի։

Ամփոփիչ գնահատականում հակամարտությունը բնութագրվում է որպես ռազմավարական տեսանկյունից անձեռնտու և պոտենցիալ «անհեռանկարային»։ Հետագա էկալացիան չի երաշխավորում ԱՄՆ-ի քաղաքական նպատակների իրագործումը, սակայն գրեթե անխուսափելիորեն խորացնում է տնտեսական ցնցումները, գնաճն ու անկայունությունը՝ միաժամանակ մեծացնելով հենց Միացյալ Նահանգների թե՛ ռազմական և թե՛ քաղաքական ծախսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *