Նույնիսկ մի քանի ամսական նորածինները կարող են ընկալել գեղեցկությունը և ավելի երկար դիտել այն պատկերները, որոնք մեծահասակները համարում են արտաքնապես գրավիչ։
Այս եզրակացությանն են եկել հետազոտողները։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B ամսագրում։
Գիտնականները ուսումնասիրել են այսպես կոչված «գեղեցկության զգացողությունը»՝ ոչ թե արվեստի մասին մշակութային պատկերացումը, այլ այն հիմնական հաճելի զգացումը, որը մարդուն ստիպում է ավելի երկար հայացքը պահել որոշակի իրերի և շարժումների վրա։
Հետազոտությանը մասնակցել են 4-ից 24 ամսական երեխաներ, ինչպես նաև մեծահասակներ։ Նրանց էկրանին ցույց են տվել շարժվող կետերի զույգեր։ Որոշ նախշեր հիշեցրել են թռչունների երամներ, ձկների վտառներ կամ ոլորվող պարույրներ։ Ավելի վաղ մեծահասակների խումբն արդեն գնահատել էր այս պատկերները և դրանց մի մասը ճանաչել որպես ավելի գեղեցիկ։
Աչքերի շարժումներին հետևելու տեխնոլոգիայի օգնությամբ հետազոտողները պարզել են, որ նորածինները, ինչպես և մեծահասակները, ավելի երկար էին նայում հենց այն նախշերին, որոնք ճանաչվել էին ամենագրավիչը։ Ընդ որում՝ տարիքի հետ այդ արձագանքը դրսևորվել է ավելի արագ ձևով։
Հետազոտության ղեկավար Դավիդ Մեարիի խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ որոշակի պատկերներ դիտելուց հետո ստացած հաճույքն ի հայտ է գալիս շատ վաղ և, հավանաբար, մարդու ընկալման հիմնարար առանձնահատկություն է։
Հեղինակները ընդգծում են, որ սա բարդ գեղարվեստական ճաշակի հարց չէ, այլ ավելի շուտ բնածին հակում, որով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում այն առարկաներին, որոնք դրական հուզական վիճակ են առաջացնում։