Չինաստանը հաջողությամբ իրականացրել է բեռնատար տիեզերանավի՝ «Տյանչժոու-10»-ի արձակումը դեպի ազգային ուղեծրային կայան «Տյանգուն»։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի մարդատար տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը։
«Չանչժեն-7» կրող հրթիռը մեկնարկել է Վենչան տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 08:14-ին։ Մոտ 10 րոպե անց տիեզերանավը հաջողությամբ անջատվել է հրթիռից և դուրս է եկել նախատեսված ուղեծիր։ Ապարատի արևային մարտկոցները բացվել են նորմալ ռեժիմով։ Մոտ ժամանակում «Տյանչժոու-10»-ը պետք է միանա «Տյանգուն» կայանին։
Տիեզերանավը ուղեծիր կտեղափոխի վառելիք, սննդամթերք և գիտական փորձերի համար սարքավորումներ, ինչպես նաև նոր տիեզերազգեստ՝ բաց տիեզերք դուրս գալու համար։
Չինական ուղեծրային «Տյանգուն» կայանի կառուցումը սկսվել է 2021 թվականի ապրիլի 29-ին՝ «Տյանհե» հիմնական մոդուլի արձակմամբ։ Բազային կազմաձևի հավաքումն ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին։ Ներկայում կայանը T-աձև է և բաղկացած է հիմնական հատվածից՝ «Տյանհե»-ից, ու երկու լաբորատոր մոդուլներից՝ «Վենտյան» և «Մենտյան»։ Նրանց ընդհանուր զանգվածը մոտ 69 տոննա է, իսկ բնակելի ծավալը հասնում է մոտ 110 խորանարդ մետրի։ Կայանում միաժամանակ կարող են գտնվել երեք տիեզերագնաց կամ անձնակազմի փոփոխության ժամանակ՝ վեց մարդ։ Համալիրի հաշվարկային ծառայության ժամկետը 15 տարի է՝ մինչև 2038 թվականը։