
Իսրայելը մտադիր է կրճատել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դիտարկում է ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման հնարավորությունը, Իսրայելի վարչապետը դրական պատասխան է տվել։ «Անշուշտ։ Եվ ես այդ մասին ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,- նշել է Նեթանյահուն։
«Ես ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը զրոյի հասցնել։ Որովհետև մենք տարեկան ստանում ենք 3.8 միլիարդ դոլար։ Եվ կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել մնացած ռազմական աջակցությունից»,- ասել է նա՝ նշելով, որ կցանկանար անմիջապես սկսել այս գործընթացը և ավարտել այն տասը տարվա ընթացքում։
Գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2028 թվականին, նախատեսում է վերոնշյալ գումարի ամենամյա հատկացում Իսրայելին՝ ԱՄՆ-ի կողմից։ Բրաունի համալսարանի «Costs of War Project» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 21,7 միլիարդ դոլարը։