Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ անդամ երկրները կարող են արդեն այսօր համաձայնության գալ Հորդանան գետի արևմտյան ափին բռնություններ իրականացնող հրեա բնակիչների դեմ պատժամիջոցների հարցում։ Թեև վերջնական որոշման համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը դեռ հաստատված չէ, սակայն Հունգարիայում կառավարության վերջին փոփոխությունը կարող է վճռորոշ լինել նախագծի առաջխաղացման համար։
«Ես ակնկալում եմ քաղաքական համաձայնություն բռնություն կիրառող բնակիչների դեմ պատժամիջոցների վերաբերյալ, հուսով եմ՝ մենք կհասնենք դրան»,- ասել է Կալասը
Այս քայլը պատասխան է տարածաշրջանում ծայրահեղական հարձակումների կտրուկ աճին։ Միաժամանակ, ԵՄ որոշ երկրներ ավելի կոշտ միջոցների են ձգտում՝ առաջարկելով կասեցնել Իսրայելի հետ գործընկերության համաձայնագիրը կամ անհատական պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության աջակողմյան նախարարներ Իտամար Բեն Գվիրի և Բեցալել Սմոտրիչի նկատմամբ։