
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի ֆոնին առաջարկել է վերականգնել COVID-19 համավարակի ժամանակաշրջանի սահմանափակումները, հայտնում է NDTV-ն՝ հղում կատարելով վարչապետի Հայդարաբադում ունեցած ելույթին։
«Նարենդրա Մոդին կոչ է արել երկրի բնակիչներին նվազեցնել բենզինի և դիզելային վառելիքի օգտագործումը՝ հնարավորության դեպքում օգտվելով մետրոյից և հասարակական տրանսպորտից: Նա կոչ է արել վերականգնել COVID-19 ժամանակաշրջանում կիրառված արդյունավետության բարձրացման միջոցառումները, այդ թվում՝ տնից աշխատանքը և առցանց հանդիպումները»,- ասվում է NDTV-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մոդին նաև կոչ է արել Հնդկաստանի բնակիչներին ձեռնպահ մնալ արտասահմանյան արձակուրդներից և արտերկրում հարսանիքներից՝ երկրի արժութային պահուստները պահպանելու նպատակով, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հրաժարվել ոսկի գնելուց։
Նշենք, որ Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային ուղին է, ինչպես նաև ազդել է նավթի արտահանման և արդյունահանման ծավալների վրա: Նեղուցի արգելափակման պատճառով աշխարհի երկրների մեծ մասում վառելիքի և արդյունաբերական արտադրանքի գների աճ է նկատվում։