Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ:
«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»,- նշեց նախարարը:
Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: «Առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով»,- ասաց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծով կարգավորումներ են նախատեսված նաև դիվանագիտական ծառայություն իրականացնողների վարձատրության վերաբերյալ: