ԱԳՆ-ն առաջարկում ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկած փոփոխությունները նախատեսում են դիվանագիտական գրասենյակների ինստիտուտի ներդրում։ Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված դեսպանը», – պարզաբանել է նախարարը։

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ «Մենք առաջարկում ենք հնարավորություն ընձեռել դեսպաններին շարունակել իրենց ծառայությունը հավատարմագրման երկրում՝ մինչև 5 տարի ժամկետով», – ասել է Միրզոյանը։

Արտաքին գործերի նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթը նախատեսում է նաև դրույթներ, որոնք կարգավորում են դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *