Տավրոս Սափեյանը ջրից չոր դուրս եկավ

Թալինի ՔՊ-ական համայնքապետ, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համար Տավրոս Սափեյանի կողմից նախընտրական փուլում սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել էր ընտրողներին «կաշառելու» գործին՝ փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ Թալինի համայնքապետի գործողություններում ՀՀ ՔՕ-ով նախատեսված արարքը հայտնվել է նաև «Անկախ դիտորդի» տեսադաշտում։ Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ հայտարարություն էր արել՝ նշելով, որ «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցին, որ Թալին համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, իրենց գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, եւ ներկայացրել էին հաղորդում։ Դատախազությունից էլ փոխանցել էին, որ հաղորդումը ստացել են, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները հերթական անգամ օրենքը երկակի են կիրառել․ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդումն ու բարձրացված աղմուկը մի կողմ է դրել, եւ որոշել՝ Թալինի քաղաքապետը ոչ մի անօրինական բան չի արել, քրեական վարույթ չի նախաձեռնվելու։ Հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանում ենք փորձել ստանալ, մեզ պատասխանել են, որ հայտարարությամբ հանդես կգան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *