Պեկինում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանը դրական է գնահատում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած չորս կետից բաղկացած առաջարկը, որն ուղղված է Պարսից ծոցի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Չինաստանի նախագահի առաջարկած չորս կետից բաղկացած ծրագրին աջակցելու պատրաստակամության մասին։ Ծրագիրը միտված է Պարսից ծոցի տարածաշրջանում կայուն անվտանգության և ընդհանուր զարգացման հաստատմանը։ Այս հարցը քննարկվել է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում», – գրել է նա X-ում։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Աբու Դաբիի արքայազն շեյխ Խալեդ բին Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպման ընթացքում առաջարկել էր չորս կետից բաղկացած ծրագիր՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար։
Այս ծրագիրը ներառում է՝
խաղաղ համակեցության սկզբունքի պահպանումը,
ազգային ինքնիշխանության հարգումը,
միջազգային իրավունքի նորմերի պահպանումը,
Զարգացման և անվտանգության հարցերի համակարգում՝ հաշվի առնելով տարածաշրջանային փորձը՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ու դրա հետևանքների հետ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, Պեկին կատարած այցից հետո X-ում կատարած իր գրառմամբ հայտարարել էր, որ Իրանը վստահում է Չինաստանին և ակնկալում է, որ այն կշարունակի դրական դեր խաղալ խաղաղության առաջմղման և ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի դադարեցման գործում։