Իրանի դեմ պատերազմն է՛լ ավելի է սրել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և սպասվում է, որ կդառնա մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը:
Reuters-ը ներկայացնում է Վաշինգտոնի և Պեկինի օրակարգում եղած հիմնական հարցերը՝ այն համատեքստում, թե ինչպես է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը փոխում նրանց փոխհարաբերությունների հաշվարկները:
Բանակցություններ Իրանում զինադադարի շուրջ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկելու են իրանական պատերազմը։ Նա նաև կոչ է արել Չինաստանին «միանալ մեր այս միջազգային գործողությանը», որպեսզի Հորմուզի նեղուցը վերաբացվի միջազգային նավագնացության համար:
Այնուամենայնիվ, չնայած Պեկինը նախկինում կողմնակի ուղիներով փորձում էր համոզել Իրանին՝ Պակիստանում խաղաղության բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, վերլուծաբանները կարծում են, որ այս անգամ Չինաստանը չի գործի բացառապես Վաշինգտոնի թելադրանքով։
Անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարարի՝ Պեկին կատարած այցից հետո Չինաստանը կոչ է արել «ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները»։
Ինչ վերաբերում է միջուկային խնդրին, Պեկինը հայտարարել է, որ «Չինաստանը բարձր է գնահատում միջուկային զենք չմշակելու վերաբերյալ Իրանի հանձնառությունը։ Միևնույն ժամանակ Չինաստանը ճանաչում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի օրինական իրավունքը»։
Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանը ձգտում է միջուկային ռումբ ստեղծել, և պահանջում են, որ երկիրը 20 տարով հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից ու հանձնի բարձր հարստացված ուրանի իր ողջ պաշարները։
Էներգետիկ անվտանգություն
Պատերազմի ձգձգմանը զուգահեռ՝ Չինաստանի էներգետիկ անվտանգությունը գնալով ավելի խոցելի է դառնում։ Սա ստիպում է Պեկինին կրճատել այնպիսի շահութաբեր արտադրանքի արտահանումը, ինչպիսիք են բենզինն ու ավիավառելիքը։ Դա արվում է այն բանի համար, որ երկիրը կարողանա պաշտպանել սեփական ներքին շուկան։
Չինաստանի ներկրած հում նավթի մոտ կեսը գալիս է Մերձավոր Արևելքից։ Սակայն Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը և ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակումը հանգեցրել են նրան, որ նավերը մնացել են ծոցում՝ հեշտ թիրախ դառնալով հարձակումների համար։
Չինաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ այս հակամարտության պատճառով ապրիլին հում նավթի ներկրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 20%-ով՝ հասնելով վերջին գրեթե չորս տարիների ամենացածր ցուցանիշին։
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը չի բխում միջազգային հանրության շահերից։ Բացի այդ, անցյալ շաբաթ հաստատվել է, որ նեղուցում հարձակման է ենթարկվել չինական անձնակազմով նավթատար լցանավը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
Չինաստանը շարունակում է մնալ իրանական նավթի խոշորագույն գնորդը՝ չնայած Թրամփի վարչակազմի գործադրած ճնշումներին։
Իրանի արտահանած նավթի ավելի քան 80%-ն ուղղվում է Չինաստան։ Պատճառն այն է, որ չինական անկախ նավթավերամշակող գործարաններն օգտվում են ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող էժան նավթի ընձեռած հնարավորություններից։ Kpler-ի գնահատականներով՝ 2025 թվականին Չինաստանն օրական միջինը 1,38 միլիոն բարել իրանական նավթ է գնել։
Ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել չինական Hengli Petrochemical անկախ ընկերության դեմ՝ միլիարդավոր դոլարների իրանական նավթ գնելու համար՝ այդպիսով ի կատար ածելով գնորդների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու իր սպառնալիքները։ Բացի այդ, նախարարությունը նախազգուշական նամակներ է հղել չինական երկու բանկերին՝ տեղեկացնելով, որ եթե վերջիններս միջնորդ հանդիսանան իրանական նավթի առևտրում, ապա կնրանց դեմ կարող են երկրորդային պատժամիջոցներ կիրառվել։
Պեկինը բավականին կոշտ է արձագանքել։ Չինաստանի առևտրի նախարարությունը հրահանգել է ընկերություններին՝ անտեսել հինգ նավթավերամշակող գործարանների դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները։ Սա առաջին դեպքն է եղել, երբ Պեկինը կիրառել է այն օրենքը, որը թույլ է տալիս հակահարված տալ բոլոր նրանց, ովքեր, ըստ չինական կողմի, ապօրինի կերպով պատժամիջոցներ են սահմանում։
Թրամփի այցից օրեր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների «սև ցուցակում» է ներառել չինական և հոնկոնգյան ևս չորս ընկերությունների։ Վաշինգտոնը նրանց մեղադրում է Իրանին սպառազինություն մատակարարելու և բալիստիկ հրթիռների ստեղծման համար անհրաժեշտ նյութեր հայթայթելուն ուղղված աջակցության մեջ։