Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Իջևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է անխոհեմ գործողություններից, որոնք կարող են փչացնել Իրանի հետ հարաբերությունները։
Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում նա նշել է, որ բոլոր պատերազմներն ունեն սկիզբ և վերջ, Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մի օր կբարելավվեն, սակայն Հայաստանը պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են անդրադառնալ Իրանի հետ հարաբերությունների վրա։ Քաղաքական գործիչը նկատել է, որ նույնիսկ կենցաղում հարևանի հետ հարաբերությունները փչացնելը հեշտ է, բայց վերականգնելը՝ դժվար, քանի որ հարևանից խարդավանք չես սպասում, և ցանկացած մանրուք նշանակություն ունի։
Քոչարյանը հիշեցրել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը մեկնեց Վաշինգտոն՝ քննարկելու TRIPP նախագիծը, այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն ռմբակոծում էր Իրանը, և տարօրինակ էր նման պայմաններում ամերիկացիներին սահմանի փոխանցումը քննարկելը։ Ըստ նրա՝ կարելի էր պատասխանատվություն ստանձնել ճանապարհի շինարարության համար։
«Այս իշխանությունները մեզ կհասցնեն Իրանի հետ թշնամության։ Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ օդով չէին կարողանում Վրաստանի տարածքով ռազմական բեռներ բերել։ Պատասխանը մինչ օրս չկա։ Չլինի թե նույնն անենք Իրանի հետ։ Այդ ժամանակ կհայտնվենք շրջափակված, և մեզ կթելադրեն, իսկ մենք ստիպված կլինենք կատարել։ Հենց դա էլ իշխանությունների ուզածն է, որ հետո ասեն՝ ելք չկա։ Ելք կա, ուղեղ չկա»,- նկատել է Քոչարյանը։
Մեկնաբանելով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, Ուկրաինայի նախագահի այցը և նրա ագրեսիվ հայտարարությունները Մոսկվայի հասցեին՝ Քոչարյանը նշել է, որ եվրոպացիների նպատակը Ռուսաստանին ցավ պատճառելն է։
«Եթե ապրում ես Հայաստանի շահերով, չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեն նման հակառուսական հայտարարություններ»,- կարծում է քաղաքական գործիչը։ Նա առաջարկել է իրավիճակին նայել կենցաղային մակարդակով և յուրաքանչյուրին մտածել՝ արդյո՞ք կընկերանար մեկի հետ, ով իր տանը թույլ է տալիս նման հայտարարություններ քո հասցեին։ «Զելենսկուն պետք չէր հրավիրել։ Իսկ եթե հրավիրել էին, պայման դնեին՝ Հայաստանին չներքաշել հակամարտության մեջ»,- նշել է Քոչարյանը։