Միջուկային տեխնոլոգիաները բանակցությունների օրակարգում չեն, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ. Էսլամի

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու հարցը ընթացիկ բանակցությունների առարկա չէ՝ հավելելով, որ ուրանի հարստացման ոլորտում երկրի ներուժը քննարկման ենթակա չէ։ Դրա մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային տեղեկացրել է օրենսդիրների և ԻԱԷԿ-ի ղեկավար Մոհամմադ Էսլամիի միջև երկուշաբթի անցկացված հանդիպման մասին։ Ըստ Ռեզայիի՝ «այդ հանդիպման ընթացքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ թշնամին ձգտում է խարխլել Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը, ներառյալ ատոմային արդյունաբերությունը՝ որպես երկրի ուժի գործոններից մեկը»։

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը միաժամանակ վերահաստատել է, որ իրանական ատոմային ոլորտի գործունեությունը կրում է բացառապես խաղաղ բնույթ և այդպիսին էլ կմնա։ Միջուկային տեխնոլոգիաների հարցը բանակցությունների օրակարգում չէ, ուրանի հարստացումը ևս քննարկումների առարկա չէ»։

Էսլամին հանդիպմանը հայտնել է, որ միջուկային կենտրոնների և օբյեկտների պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները նախատեսված են և իրականացվել են։ Երկրի ատոմային արդյունաբերությունը կշարունակի իր աշխատանքը ամբողջ թափով, իսկ միջուկային ոլորտի ձեռքբերումները հուսալիորեն պաշտպանված կլինեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *