
«Հրապարակի» զրուցակիցը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
– Արդեն քանի օր է ընդդիմադիրները նույնպես մարզեր են այցելում, և Փաշինյանի օրինակով` նախընտրական քարոզարշավը վերածում են ռաբիս համերգի, երգում-պարում- ուրախանում են, վերջում էլ հրավառություն է տեղի ունեում: Առնվազն զարմանալի է, որ երկրի բազում արհավիրքների մասին աղաղակող ընդդիմադիրներն այս բարդ փուլում կարծում են, որ ուրախանալու, առավել ևս` երգելու և հրավառություն անելու առիթ կա: Այն, որ Փաշինյանի իշխանությունն ամոթի զգացում չունի, իսկ Արցախի կորուստը համարում է ձեռքբերում, դա փաստ է, իսկ ընդդիմությունն ինչո՞ւ է նման քարոզարշավ իրականացնում:
– Սա ամենացավոտ հարցերից է, որը բարձաձայնում եք: Ես ահազանգում եմ և ինձ նման քչերն են խոսում այս հարցի մասին: Որոշ լրատվամիջոցներ նույնպես շահեր ունեն հավանաբար և չեն ցանկանում այս հարցերի մասին խոսել: Ինձ համար այս հարցերը կենսական են, քանի որ հունիսի 7-ին է որոշվելու` իմ հարևանը թո՞ւրք է լինելու, թե՞ ոչ: Հունիսի 7-ին է որոշվելու իմ երեխայի հետ դպրոցում թուրքե՞ր են սովորելու, թե՞ ոչ: Ես ռասիստ չեմ, ես մարդատյաց չեմ, բայց ես լսում եմ Ալիևին, որը շարունակում է վարել խիստ հայատյաց քաղաքականություն, ես լսում եմ Ադրբեջանի քաղաքական էլիտային, ովքեր ասում են, որ հայի հետքը պետք է տարածաշրջանից վերացնել, և ես չեմ ուզում, որ իմ երեխայի հետ սովորեն Ռամիլ Սաֆարովի մերձավոր բարեկամներն ու գաղափարակիցները, նրա արյունակիցները: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, չի անում ինձ համար, կամ Ձեզ համար, նա անում է «ախուրյանցի Անո» սեգմենտի համար, և եկեք խիզախություն ունենանք և ասենք, որ իր սեգմենտի վրա Նիկոլի քայլերը մոգական ազդեցություն են թողնում: Այն աստիճան մոգական, որ Կապանում մի կին «չստիկներով» տնից դուրս է թռչում բակ և Նիկոլին ասում` «Կլինի՞ քեզ ձեռք տամ, որ համոզվեմ` իրական ես»: Իսկ ի՞նչ է անում այս ամենի ֆոնին ընդդիմությունը:
Նրանց լիդերիներին հուշել են, որ բակերում նարդի խաղալը թույն աշխատում է, կամ անմակարդակ համերգներին շատ մարդիկ են հավաքվում, բնականաբար ինչքան շատ ցածր երաժշտություն հնչի, այնքան շատ ցածրակարգ մարդիկ կհավաքվեն այդտեղ, իսկ «ախուրյանից Անո» սեգմենտը կարող է գնալ դեպի ընդդիմություն, ինչը մեծ սխալ է, կարող են իրենց փիար թիմերին փաթաթել, վրան անգույն բանտիկ կապել ու գցել աղբարկղը: Նիկոլը 40 անգամից ավելի կրկնում է` «Եվ այդ մեկ մարդը դու ես», ես հասկանում եմ, թե այդ պահին այնտեղ կանգնածներն ինչ են զգում, նրանց երբեք չեն կարևորել, իսկ այ Նիկոլը այդ հայտարարությամբ կարևորում է իրենց, բայց մեր ընդդիմությունը, ես չեմ հասկանում, թե ինչի համար է երգում-պարում ու սալյուտներ խփում: Չեմ ուզում շատ նեգատիվ բաներ ասել, բայց ես մեծ մտավախություն ունեմ, որ եթե ընդդիմությունը շարունակի ռեալ այլընտրանք չներկայացնել Նիկոլի ֆեյք խաղաղության օրակարգին, արդյունքում հունիսի 8-ին մենք կարթնանանք մի Հայաստանում, որտեղ իրականանալու են Նիկոլի այն սպառնալիքները, որ ինքը 65 տոկոս ձայն է ստանալու:
Այնպես որ թող Նիկոլի սպառնալիքների վրա չղժժան, Նիկոլը մոլագարի էներգիայով ու համառությամբ, ֆանատիկորեն առաջ է տանում իր մարազմատիկ գաղափարները, դրանք կերցնելով մի մեծ սեգմենտի: Ի տարբերություն ընդդիմության, այս մարդը բացարձակ կոմպլեքսներ չունի, նրա համար միևնույն է` իր վրա ջուր կշփեն, թե բուկլետ կնետեն, կամ էլ կասեն` դավաճան, իսկ մեր ընդդիմությունը սիրում է ջերմոցային միջավայրեր, որտեղ բոլորը բոլորին սիրում են, իսկ իրենց լիդերը` կուռքն է: Երգում են, պարում և ուրախանում, մտածելով, որ խիստ կարևոր առաքելություն են իրականացնում:
– Նիկոլ Փաշինյանի ոչ քաղաքակիրթ սնվելու ձևը շատ է քննարկվել: Նա խաշլամա է ուտում, իսկ ոսկորները դնում Սուրեն Պապիկյանի դիմաց, լավաշ ու պանիր է խժռում` չփչացնելով, ու որքան շատ են այդ ամենը քննադատում, նա այնքան ավելի շատ է անում: Ինչո՞ւ:
– Ես Նիկոլի հետ բազմիցս հաց եմ կերել ու կարող եմ վստահեցնել, որ նա առնվազն մինիմալ ուտելու էթիկետին տիրապետում է: Նա ուղղակի իրեն այդպես է դրսևորում` դիտավորյալ: Նրա ուտելու ձևը, բխկալը, ձեռքերը շորերի վրա մաքրելը օրգաստիկ էյֆորիա է առաջացնում հասարակության մի սեգմենտի մոտ: «Ախուրյանցի Անո» սեգմենտը հիացած է այդ քայլերով, Նիկոլը թքած ունի, թե իր մասին ինչ կասեն մեզ նման մարդիկ: