Լիտվայի Պաշտպանության պետական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարները, հավանություն է տվել մինչև 40 զինծառայողի և պաշտպանական համակարգի քաղաքացիական աշխատակիցների գործուղմանը՝ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման միջազգային առաքելությանը մասնակցելու համար։
Դրա մասին հայտնել է Լիտվայի նախագահի վարչակազմը։
Ըստ հայտարարության՝ Լիտվան պատրաստ է տրամադրելու մինչև 40 զինծառայող և քաղաքացիական անձնակազմ՝ դաշնակիցների հետ համատեղ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում միջազգային ծովային անվտանգության գործողություններին մասնակցելու նպատակով։
«Պաշտպանության պետական խորհուրդը հավանություն է տվել լիտվական ռազմական կարողությունների տեղակայմանը՝ դաշնակիցների հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման միջազգային ծովային գործողություններին մասնակցելու համար և կառավարությանն առաջարկել է անհապաղ նախաձեռնել Սեյմի՝ միջազգային գործողությունների մանդատի համապատասխան փոփոխությունները»,- նշվում է պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։
Որոշման վերջնական հաստատման համար պահանջվում է քվեարկություն Լիտվայի խորհրդարանում (Սեյմում)։
Նախագահի վարչակազմը նաև տեղեկացրել է, որ Լիտվան պատրաստ է տրամադրելու լոգիստիկ աջակցություն և ԱՄՆ-ին թույլատրելու իր ռազմական ենթակառուցվածքների օգտագործումը՝ համապատասխան հարցումների դեպքում։
Նախագահի մամուլի քարտուղար Ռիդաս Յասյուլյոնիսը հստակեցրել է, որ որոշումն ընդունվել է գրավոր ձևով, այլ ոչ թե խորհրդի պաշտոնական նիստի ժամանակ։