ՌԴ ԱԳՆ․ «Թրամփի ուղու» մեկնարկի հեռանկարները մռայլ են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին

«Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի մեկնարկի հեռանկարները՝ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին, մռայլ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մի շարք փորձագետներ կարծում են, որ իրանա-ամերիկյան հակամարտության ֆոնին «Թրամփի ուղու» մեկնարկի հեռանկարները մռայլ են։ Նշվում է, որ, բացի Իրանի կողմից իր հյուսիսային սահմաններին ԱՄՆ-ի ներկայության բացասական ընկալումից, Կենտրոնական Ասիայից Եվրոպա տանող երթուղու նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը, որի մաս պետք է դառնա «Թրամփի ուղին», կարող է անվստահություն առաջացնել նաև ասիական գործընկերների մոտ։ Իսկ առանց չինական և ռուսական բեռների նախագծում ներդրումները փոխհատուցելը չափազանց դժվար կլինի», — նշել է նա։

Կալուգինի խոսքով՝ այս հարցում կան նաև մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։ «Դրանք են՝ ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանին, ռուսական ստանդարտի երկաթուղային գծի անցկացման անհրաժեշտությունը՝ դրա անխափան միացման համար ադրբեջանական գծին, մինչև 2038 թվականը գործող «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման համար, Հայաստանի տարածքի ներգրավվածությունը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում», — շարունակել է դիվանագետը։

Ընդհանուր առմամբ, այս նախագիծը՝ որպես Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի հարավով իրար կապող տարանցիկ ուղի, դատարկ տեղում չի առաջացել, ընդգծել է Կալուգինը։ «Դրա ի հայտ գալուն նախորդել է երկու տարվա քրտնաջան աշխատանք՝ Ռուսաստան — Ադրբեջան — Հայաստան ձևաչափի շրջանակում, այն է՝ փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Դեռևս 2023 թվականին մենք շատ մոտ էինք այսպես կոչված Մեղրիի երթուղու մեկնարկին, որը պետք է ոչ միայն ապահովեր տարանցումը Հայաստանի հարավով դեպի Նախիջևան, այլև, ըստ էության, օղակի մեջ առներ հայկական և ադրբեջանական երկաթուղիները, — հավելել է նա։ — Սա հենց այն է, ինչին այսքան մեծ դժվարությամբ այժմ փորձում է հասնել Հայաստանը՝ հենվելով «Թրամփի ուղու» վրա։ Բայց խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ինքնաբերաբար չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք միացում։ Մեր մեղքը չէ, որ Երևանը 2023 թվականին միտումնավոր սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *