ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցադրումները որակելով որպես «Կիկոսի մահվան» մասին պատմություն։
«Նման օրակարգ չկա։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ուստի ազդեցության մասին խոսելը նման է Կիկոսի մահվան մասին խոսելուն», – լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9–ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական և տնտեսական վեկտորը՝ ընտրություն կատարելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։
Օրինակ, կարող է անցկացվել հանրաքվե, ասել էր ՌԴ նախագահը։ «Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հայ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Այնուհետև մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ «բաժանման», – ասել էր նա։