Երկուշաբթի օրը ամերիկյան ֆոնդային բորսաներում սակարկություններն ավարտվել են չափավոր աճով, թեև դրա կտրուկ աճի միտումները զսպվել են Մերձավոր Արևելքում հակամարտության ձգձգման վերաբերյալ մտահոգություններով։
Այս անհանգստությունն ավելի է խորացել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին հայտարարել էր, որ իրեն չի բավարարում Թեհրանի ներկայացրած խաղաղ կարգավորման առաջարկը։
Հակամարտության ավարտի ժամկետների անորոշության ֆոնին Goldman Sachs-ի և BofA Global Research-ի վերլուծաբանները վերանայել են Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ BofA-ի փորձագետներն այժմ կարծում են, որ տոկոսադրույքը մինչև տարեվերջ կմնա անփոփոխ, իսկ 2027 թվականին կնվազեցվի երկու անգամ՝ 25-ական բազիսային կետով (հուլիսին և սեպտեմբերին)։ Goldman-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դրույքաչափը կնվազեցվի 2026-ի դեկտեմբերին և 2027-ի մարտին։
Միևնույն ժամանակ, բրիտանական HSBC բանկի վերլուծաբանները բարելավել են ամերիկյան S&P 500 ինդեքսի տարեվերջյան կանխատեսումը՝ նախկին 7500-ի փոխարեն սահմանելով 7650 կետ։ Սա պայմանավորված է կորպորատիվ շահույթների ակտիվ աճով։ Նոր կանխատեսման համաձայն՝ նախորդ ուրբաթ օրվա փակման մակարդակի համեմատ ցուցանիշը կաճի մոտ 3,4%-ով։
Բացի այդ, երկուշաբթի օրը հայտնի է դարձել, որ ապրիլին ԱՄՆ-ում բնակարանների երկրորդային շուկայում վաճառքի ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել են 0,2%-ով՝ տարեկան կտրվածքով հասնելով 4,02 միլիոն տան։ Վերանայված տվյալների համաձայն՝ մարտին վաճառվել է 4,01 միլիոն տուն, այլ ոչ թե 3,98 միլիոն, ինչպես հաղորդվել էր նախկինում։ Ըստ Trading Economics-ի տվյալների՝ վերլուծաբաններն ակնկալում են, որ ցուցանիշը կհասնի 4,05 միլիոնի։
Barrick Mining-ի բաժնետոմսերն աճել են 9%-ով։ Աշխարհում ոսկու երրորդ խոշորագույն արտադրողը 2026 թվականի առաջին եռամսյակում կտրուկ ավելացրել է զուտ շահույթն ու հասույթը՝ արդյունահանման ծավալների աճի և թանկարժեք մետաղների գնի բարձրացման շնորհիվ։ Ընկերությունը հայտարարել է մինչև 3 միլիարդ դոլարի սեփական բաժնետոմսերի հետգնման նոր ծրագրի մասին։
Չիպերի արտադրությամբ զբաղվող Qualcomm Inc.-ի արժեթղթերի գինը թռիչք է կատարել 8,4%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի։
Նավթի գների բարձրացմանը զուգահեռ աճել են նաև նավթարդյունահանող ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները։ Chevron Corp.-ի կապիտալիզացիան ավելացել է 1,7%-ով, իսկ Exxon Mobil-ինը՝ 3,5%-ով։
Փոխարենը նվազել է ավիաընկերությունների շուկայական արժեքը. Southwest Airlines-ի բաժնետոմսերը նվազել են 3,2%-ով, United Airlines-ինը՝ 3%-ով, իսկ Delta Air Lines-ինը՝ 2,9%-ով։
Mosaic Co. ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 1,8%-ով։ Պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը 2026 թվականի առաջին եռամսյակում զուտ վնաս է կրել, թեև հասույթն աճել է 14%-ով։ Ընկերության համար բացասական գործոն է դարձել ֆոսֆատային պարարտանյութերի արտադրության մեջ օգտագործվող ծծմբական թթվի գնի թռիչքը, ինչը պայմանավորված է իրանական պատերազմով և Հորմուզի նեղուցի փակմամբ։
Intel Corp.-ի կապիտալիզացիան աճել է 3,6%-ով՝ նախորդ ուրբաթ գրանցված 14% աճից հետո։ Այս վերելքը հետևել է այն լուրերին, թե ընկերությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել Apple Inc.-ի համար միկրոչիպեր արտադրելու վերաբերյալ։