Թրամփը հիասթափված է Իրանի հետ բանակցություններից և պատրաստվում է վերսկսել պատերազմը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում Իրանի հետ բանակցություններից և լրջորեն դիտարկում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին CNN-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի «համբերությունը հատնում է» Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման և Իրանի ղեկավարության ներսում առկա ենթադրյալ պառակտման պատճառով, ինչը, նրա կարծիքով, թույլ չի տալիս Թեհրանին զիջումների գնալ միջուկային հարցերի շուրջ։ Հեռուստաալիքի զրուցակիցները նշել են, որ Իրանի վերջին առաջարկը, որը Թրամփը որակել է որպես «բացարձակապես անընդունելի» և «անիմաստ», ստիպել է Սպիտակ տանը կասկածի տակ դնել բանակցություններին լուրջ մոտեցում ցուցաբերելու հարցում իրանական կողմի պատրաստակամությունը։

Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները նշում են, որ նախագահի վարչակազմի ներսում հակամարտության շարունակման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ Մասնավորապես, Պենտագոնը կողմ է Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցմանը՝ նրան բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով։ Զինվորականներն առաջարկում են նոր հարվածների միջոցով է՛լ ավելի թուլացնել իրանցիների դիրքերը։ Վարչակազմի այլ ներկայացուցիչներ, սակայն, դեռևս կարծում են, որ պետք է շանս տալ դիվանագիտությանը։ Բացի այդ, Թրամփի շրջապատից շատերը ցանկանում են, որ պակիստանցի միջնորդներն ավելի անկեղծ ու ուղղամիտ լինեն իրանցիների հետ շփումներում։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ կասկածում են՝ արդյո՞ք պակիստանցիները բանակցությունների ընթացքից նախագահի դժգոհությունը փոխանցում են հենց այն նույն ոճով ու շեշտադրումներով, ինչպես ինքն է անում։ Ավելին, նրանք կարծում են, որ Պակիստանը ԱՄՆ-ին է ներկայացնում իրանական կողմի դիրքորոշման «ավելի լավատեսական տարբերակը»։

Մայիսի 11-ին Թրամփը Սպիտակ տանը հերթական հանդիպումն է ունեցել ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ՝ քննարկելով Իրանի դեմ հետագա քայլերը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իր կողմից ապրիլի 7-ին հայտարարված զինադադարը «մազից է կախված»՝ հաշվի առնելով խաղաղության պայմանների վերաբերյալ Թեհրանի տված պատասխանը։ «Կարդալով այն անհեթեթությունը, որ նրանք մեզ ուղարկել են՝ ես սա կանվանեի մինչ այժմ եղած ամենաթույլ առաջարկը։ Ես նույնիսկ մինչև վերջ չկարդացի այն»,- ասել է Թրամփը։ Այդուհանդերձ, CNN-ի աղբյուրները նշել են, որ առճակատման հաջորդ քայլի վերաբերյալ որոշումը դժվար թե կայացվի նախքան ԱՄՆ նախագահի՝ մայիսի 13-15-ը նախատեսված այցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *