ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանում իրանական նավթի մատակարարումների դեմ

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել երեք ֆիզիկական անձանց և ինը ընկերությունների նկատմամբ (ԱՄԷ-ից, Հոնկոնգից և Օմանից), որոնք օժանդակել են դեպի Չինաստան իրանական նավթի մատակարարումներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պարզաբանմամբ՝ նոր սահմանափակումներն ուղղված են նրանց դեմ, ովքեր օգնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) նավթ վաճառել չինական շուկայում՝ դրա դիմաց ստանալով հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ։

Նախարար Սքոթ Բեսենտը շեշտել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի կիրառել պատժամիջոցներ՝ Իրանի կառավարությանն ու բանակին զրկելով այն միջոցներից, որոնք ուղղվում են զենքի ձեռքբերմանը, Մերձավոր Արևելքում իրենց հարող ուժերի սատարմանը և միջուկային ծրագրի իրականացմանը։ Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչև 15 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել ԻՀՊԿ-ի ֆինանսական մեխանիզմները։ Վաշինգտոնն այս քայլին դիմել է Թրամփի՝ Պեկին կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նա բանակցություններ էր վարելու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Ինչպես նշում է Reuters-ը, ակնկալվում է, որ Սպիտակ տան ղեկավարը ճնշում կգործադրի Չինաստանի նախագահի վրա, որպեսզի վերջինս օգնի հարթել Իրանի հետ հակամարտությունը և վերականգնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով իրականացվող երթևեկությունը։

Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները հայտնում են, որ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում պատերազմը դադարեցնելու շուրջ Թեհրանի վարած բանակցություններից և սկսում է հակվել ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակին։ Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարի «համբերությունը հատնում է» Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով, որով նախկինում համաշխարհային շուկա էր մատակարարվում նավթի մոտ 20%-ը և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) շուրջ 30%-ը։ Ըստ CNN-ի տվյալների՝ Պենտագոնն իր հերթին կողմ է Իրանի նկատմամբ ավելի կոշտ մոտեցմանը։

Թեհրանի վերջին խաղաղության առաջարկը, որով միջուկային ծրագրի քննարկումը հետաձգվում էր անորոշ ժամկետով, Թրամփը որակել է որպես «անիմաստ»։ «Սա մինչ այժմ եղած ամենաթույլ համաձայնագիրն է։ Այն հիմարությունը, որ նրանք մեզ ուղարկել են, ես նույնիսկ մինչև վերջ չեմ կարդացել»,- ընդգծել է նախագահը։ Այդուհանդերձ, CNN-ի զրուցակիցները նշել են, որ Թրամփն Իրանի հարցով վերջնական որոշում դեռ չի կայացրել և դժվար թե կայացնի նախքան մայիսի 12-ին նախատեսված բանակցությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *