Ռուսաստանը Հայաստանին բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Այս թեման (ՀԿԵ – ի կոնցեսիայի) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցություններում։ Պարզաբանումներ տրվեցին հայկական կողմին անհանգստացնող բոլոր պահերի վերաբերյալ, փոխըմբռնում ձեռք բերվեց հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում», – ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայում ֆիքսել են Փաշինյանի այն արտահայտությունը, որ հանրապետությունում մտադիր չեն քննարկել կոնցեսիայի հետ կապված հարցերը Ռուսաստանի թիկունքում։
«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որեւէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը, համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք։ Չէ որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի ֆունկցիոնալության վերականգնման և պահպանման կոնցեսիայի շրջանակներում, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների վերագործարկմանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին»,- ընդգծել է Կալուգինը։
ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ իբր «2008 թվականից հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են մոտ 30 մլրդ ռուբլի, բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի, ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի նորացմանը»:
«Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան – Գյումրի երթուղու համար, փորձարկել է անմիջապես վարչապետը՝ Հայաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ», – նշել է Կալուգինը:
Նա վստահ է, որ ՀԿԵ-ն շարունակում է մնալ հանրապետության ամենախոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։
«Մեր կողմից տեսնում ենք համատեղ փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժ, որի գրավականներից մեկը ռուս մասնագետների կողմից հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է», – նշել Է դիվանագետը: