Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պաշտպանության տակ կառնեն այն ընկերություններին, որոնք ամերիկյան պատժամիջոցների թիրախում են հայտնվել Իրանի հետ ունեցած «կապերի» պատճառով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։
«Չինաստանը վճռականորեն տեր է կանգնելու իր ձեռնարկությունների օրինական իրավունքներին ու շահերին»,- նշել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին սահմանափակումները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Հոնկոնգում գրանցված ընկերությունների նկատմամբ։ Դրանց մեղադրում են իրանական ռազմական կառույցներից նավթ գնելու և Չինաստան մատակարարելու մեջ։
Չինացի դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը «կտրականապես դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին», քանի որ դրանք որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում և հաստատված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։