Մեզ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կապելն ուղղակի աբսուրդ է։ Այս մասին մայիսի 12-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։
Անանյանը պարզաբանել է, որ թե՛ ինքը, թե՛ կուսակցության ցուցակը գլխավորող նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պետական համակարգում աշխատել են այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երբեք չեն եղել նրա քաղաքական թիմի կամ ՀՀԿ-ի անդամ։ Ըստ նրա՝ իրենք բացառապես իրականացրել են իրենց մասնագիտական գործունեությունը։
«Մենք հարգում ենք բոլոր նախկին նախագահներին, քանի որ հարգում ենք պետությունը, սակայն նրանք բոլորն էլ թույլ են տվել սխալներ, որոնք հանգեցրել են 2018 թվականի իրադարձություններին»,- ընդգծել է նա։
Անանյանի խոսքով՝ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա Հայաստանը՝ որպես պետություն, երկար կյանք չի ունենա, քանի որ կսկսվի 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրի իրագործումը, ինչից հետո երկիրը կկորցնի իր ազգային գաղափարախոսությունը։
Արման Թաթոյանն իր հերթին պարզաբանել է, որ «Միասնության թևեր» կուսակցությունը որևէ կապ չունի ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանությունների հետ։
Նա հավաստիացրել է, որ կուսակցությունը փոխկապակցված չէ որևէ այլ քաղաքական միավորի հետ և կախվածություն չունի այն ուժերից, որոնք վերջին 35 տարիներին եղել են իշխանության ղեկին։
«Ժողովրդի մեծ մասը ցանկանում է տեսնել մի իշխանություն, որը կապված չի լինի ո՛չ նախկինների, ո՛չ էլ ներկաների հետ, քանի որ հատկապես ներկաների հետ մարդիկ իրենց ապագան չեն տեսնում։ Մենք մեր ձայները ոչ մեկի չենք տալու։ Բացի այդ, մենք չենք ներկայացնում որևէ արտաքին ուժ։ Այսօր հաճախ են տարբեր ուժերի պիտակավորում՝ որակելով նրանց որպես ռուսամետ, եվրոպամետ կամ ամերիկամետ, իսկ գործող իշխանություններին էլ՝ ադրբեջանամետ։ Մեր նպատակն է ձևավորել մի իշխանություն, որի հիմքում կլինեն Հայաստանի շահերը։ Մեր խնդիրների մեծ մասը հենց այս մոտեցման բացակայության հետևանքն է»,- եզրափակել է Արման Թաթոյանը։