Մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպացիները փորձում այդ նպատակով օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ուշադրության կենտրոնում հայտնված հայտարարությունն այն ազդակների օրինակն է, որոնք մենք տարբեր մակարդակներով հասցրել ենք և շարունակում ենք հասցնել Հայաստանի ղեկավարությանն ու հանրությանը։ «Մենք գտնում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան, որ այսպես կոչված «եվրոպական ուղիով» Երևանի առաջխաղացումը կարող է որոշակի պահի համակարգային փոփոխությունների հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ն չի առաջարկում որևէ հստակ այլընտրանք՝ անվտանգության ապահովման գործիքների, տնտեսական կայունության, բարեկեցության և առաջընթացի հարցերում։ Սա հասկանալի է. Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ նախևառաջ սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը, որոնք այսօր ուղղված են Ռուսաստանի հետ դիմակայությանը»,- նշել է Կալուգինը։
Կալուգինը նշել է, որ դրա համար էլ եվրահանձնակատարները փորձում են օգտագործել Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. «Հանրապետությունում արդեն տեղակայված են երկու առաքելություններ, որոնք նման են այն առաքելություններին, որոնք գործի էին դրվել Մոլդովայում տեղի ունեցած ընտրարշավների ընթացքում։ Հռչակված նպատակները, իհարկե, կարող են ազնվաբարո հնչել, բայց իրականում առաքելությունների նշանակությունը ակնհայտ է՝ ամրապնդել Եվրամիության վերահսկողությունը հանրաքաղաքական կյանքի և հանրապետության տնտեսության նկատմամբ՝ այդպիսով նպաստելով Երևանի Մոսկվայից հեռացմանը։ Եվրոպացի «մասնագետները» ձգտում են բառացիորեն «կաղապարել» Ռուսաստանի թշնամու կերպար։ Ստեղծում են կեղծ պատկերացում, թե Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի կայացմանը»։ Առանց հիմնավորման մեղադրում են մեր երկիրը «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ, թեև իրենց սեփական խորը ներգրավվածությունը ինչ-ինչ պատճառներով այդպիսին չեն համարում։ Ընդհանրապես, ԵՄ-ն բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները ուղղորդելու փորձերի վրա։ Մենք նկատել ենք, որ այդ ուղերձների տարածմանը միանում են նաև որոշ հայկական ԶԼՄ-ներ և պաշտոնատար անձինք»։
Կալուգինի գնահատմամբ՝ հայ բնակչության համար գայթակղիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը, հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այս տեսանկյունից նա հատկանշական է համարում մի դրվագ. «Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշվում է 2,5 միլիարդ եվրոյի՝ ընդգծում եմ՝ «հնարավոր ներդրումների» մասին։ Սա հենց այն նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այդպես էլ չկարողացավ հայթայթել։ Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» մի բան, որը գոյություն չունի, ընդ որում՝ ոչ առաջին անգամ։ Այդ շլացուցիչ «փայլի» պատճառով աննկատ է մնացել նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է Մեծամորի ատոմակայանի՝ հանրապետության էներգետիկ անվտանգության հենասյուներից մեկի շահագործումից հանելու ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։ Բնականաբար, Մոսկվայում արձանագրել են նաև Բրյուսելի կողմից հրահրված Վլադիմիր Զելենսկու այցը և նրա զազրելի հակառուսական հայտարարությունները, որոնք հյուրընկալող հայկական կողմը ջանասիրաբար չնկատելու էր տալիս»,- հայտարարել է նա։
Այս ամենը, ըստ Կալուգինի, միայն հաստատում է, որ եվրոպացիների կողմից իրենց, այսպես կոչված, «հավասար գործընկերների» նկատմամբ ցուցաբերվող պարտադրված ուշադրության հետևում կանգնած է բացառապես գործիքային մոտեցումը։ «Բրյուսելում ոչ ոք նույնիսկ չի էլ մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջին ժամանակներս ձգտում էր հավասար հեռավորություն պահպանել ուկրաինական ճգնաժամից։ Եվրոպացիները հանրապետություն են բերել իրենց ռուսատյաց օրակարգը և, կամա թե ակամա, դրան հարմարեցրել են նաև Երևանին։ Փաստացի, նրանք երկիրն օգտագործել են որպես հարմար հարթակ՝ իրենց քաղաքական նախագծերի համար։ Գիտենք, որ հուզականությունը հայ ժողովրդի բնորոշ գիծն է, որով նա լավ իմաստով հայտնի է ողջ աշխարհում։ Հուսով ենք, որ երկրի ղեկավարությունն ու քաղաքացիները կկարողանան սթափ հայացքով նայել տեղի ունեցած միջոցառումներին և համոզվել, որ բացի հերթական գեղեցիկ խոստումներից, «փայլուն» ձեռքսեղմումներից ու եվրոպական երբեմնի հսկա պետությունների առաջնորդների երևանյան զբոսանքներից, եվրոպական քաղաքական գործիչներն իրականում ոչ մի արժեքավոր բան Հայաստան չեն բերել։ Ինչպես միշտ, եվրոպացի քաղաքական գործիչները համեստորեն լռել են այն տնտեսական վնասների մասին, որոնք հանրապետությունը կկրի դեպի ԵՄ վերակողմնորոշման պատճառով։ Ապրիլյան հարցազրույցում այդ մասին հստակ մատնանշել էր նաև Օվերչուկը։ Երևանյան որոշ աղբյուրներ դա անմիջապես սկսել են մեկնաբանել որպես «սպառնալիք»։ Սակայն այն լիովին տեղավորվում է մեր երկրների առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության տրամաբանության մեջ, այն է՝ քաղաքացիներին պարզաբանել եվրասիական և եվրոպական միավորումների դրական ու բացասական կողմերը։ Հավելեմ, որ ինտեգրացիոն գործընթացները պահանջում են համակարգային աշխատանք, որին դժվար թե համապատասխանի այն մոտեցումը, երբ ԵԱՏՄ անդամակցությունը դիտարկվում է որպես ժամանակավոր միջոց։ Կարճ ասած՝ նրանք չեն կարողանա միաժամանակ նստել երկու աթոռի վրա»,- եզրափակել է նա։