Հնդկաստանում փորձարկել են նոր գաղտնի «Ագնի» հրթիռը

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է «Բարելավված Ագնի» անունով բալիստիկ հրթիռի փորձարկումները, որը հագեցած է առանձին ուղղորդվող մարտագլխիկներով (MIRV – Multiple Independently Targeted Re-Entry Vehicle)։ Ինչպես հայտնել են Ինչպես հաղորդել են Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունից (DRDO), հրթիռի արձակումն իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող ռազմական պոլիգոնից՝ Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգի ափերի մոտ։

Հաղորդվում է, որ արդիականացված հրթիռը թռիչքային փորձարկումների ժամանակ կրել է տարբեր տեսակի մարտագլխիկներ, որոնցով հաջողությամբ խոցվել են Հնդկական օվկիանոսի զգալի տարածքում գտնվող մի քանի առանձին թիրախներ։

DRDO-ից հստակեցրել են, որ «Ագնի» կատարելագործված հրթիռի թռիչքի հետագիծը վերահսկվել է մի քանի ցամաքային և նավային կայանների միջոցով։ Ընդ որում, հրամանատարական կետերը հեռաչափական տվյալներ են ստացել արձակման պահից մինչև բոլոր մարտական բլոկների անկումը, իսկ փորձարկումների ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվել են լիարժեք ձևաչափով։ «Այս հաջող փորձարկմամբ Հնդկաստանը ևս մեկ անգամ ցուցադրել է մեկ հրթիռային համակարգի օգնությամբ միաժամանակ մի քանի ռազմավարական թիրախներ խոցելու իր կարողությունը»,- հայտնում է The Economic Times պարբերականը։

Ինչպես հաղորդում է India Today հեռուստաալիքը, գաղտնի հրթիռի թռիչքը ֆիքսվել է բազմաթիվ տեսանյութերում, որոնք նկարահանել են երկնքում տեսած արտասովոր տեսարանից ապշած ականատեսները։ «Երկնակամարը հատող երկար, ոլորուն, նարնջասպիտակ պոչով գիսաստղ հիշեցնող պայծառ օբյեկտը տեսանելի է եղել ոչ միայն Օդիշա նահանգում, այլև արձակման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածքներում (այդ թվում՝ Բանգլադեշում)»,- հայտնում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *