Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ


Հայաստան


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի (գեներալ Մանվել Գրիգորյանի կինը-խմբ.) միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի (Շանթի Յուրայի-խմբ.) միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև կնքված վարձակալության պայմանագրերը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կնքված երեք պայմանագրերը երեք տարի ժամկետով են, սակայն պայմանագրերը շարունակում են գործել՝ անորոշ ժամկետով:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ՝ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով: Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:

Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասերի վարձակալության մրցույթների անցկացման մասին հայտարարությունները զանգվածային լրատվության որևէ միջոցով հրապարակված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

Արձանագրված խախտումների կապակցությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *