Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հատուկ գործողություն է իրականացրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների ոչնչացման և Լիտանի գետից հարավ ընկած տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Անցյալ շաբաթ 36-րդ դիվիզիայի կազմում ընդգրկված «Գոլանի» բրիգադի ստորաբաժանումները հատուկ գործողություն են իրականացրել Լիտանի գետի շրջանում ահաբեկչական ենթակառուցվածքների վերացման և պաշտպանության առաջնագծից հարավ գտնվող այդ տարածքում օպերատիվ վերահսկողություն հաստատելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս գործողության շրջանակում իսրայելցի մարտիկները հայտնաբերել են «Հեզբոլլահի» մի շարք ստորգետնյա թունելներ։ Նշվում է, որ այնտեղ զենք է պահվել: Ցամաքային զորքերին աջակցել են նաև ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանի ավելի քան 100 ռազմական օբյեկտների ուղղությամբ: