2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ տարածքներում թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղումներ: Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, ունեցել ենք նորմայի քառապատիկի չափով տեղումներ, թափվել են նորմայի 468 տոկոսի չափով տեղումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են: Հայաստանը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում է, մասնավորապես վերջին օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել, ունենք հատվածներ, որտեղ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի՝ 50-60 տոկոսի չափ տեղում:
Ձյան ծածկը հանրապետության տարածքում բավականին բարձր է: Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու և Տավուշի մարզերում: Այս պահին էլ ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում: Ձյան ծածկը ամենաբարձրը «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում է, կազմում է 311 սմ»,- ասաց նա:
Մինչև այսօր Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և 20 աստիճանից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, մինչդեռ անցած տարի այս շրջանում 20-25 աստիճան տաքություն է եղել: Բայց սա էլ, ըստ Սուրենյանի, ունի իր դրական կողմը, քանի որ այս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը: