ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով․ Ֆալչետտի

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի/ԱՌԿԱ/ ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է․ մինչ օրս բանկը ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրո գումարի չափով, որի ավելի քան 85 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածին։ Այս մասին հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը մեզ համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը», – ասել է նա։

Ֆալչետտիի խոսքով, Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք ներդրումների ռեկորդային մակարդակ։ 

«2025 թվականին մեր ներդրումները գերազանցել են 2024 թվականի պատմական ռեկորդը՝ 396 միլիոն եվրոն, և հասել են 426 միլիոն եվրոյի՝ 26 ծրագրերի շրջանակում։ Այս կայուն դինամիկան արտացոլում է թե՛ ՎԶԵԲ-ի վստահությունը Հայաստանի տնտեսական ներուժի հանդեպ, թե՛ երկրի՝ ներդրումներն արդյունավետ ներգրավելու և օգտագործելու բարձր կարողությունը», – ընդգծել է նա։

Գործադիր տնօրենը նշել է, որ առաջիկայում բանկի ծրագրերի պորտֆելը մնում է ծավալուն։

«Մենք ևս մեկ հաջող տարի ենք ակնկալում՝ շարունակելով աջակցել մասնավոր հատվածի, կայուն ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը և Հայաստանի տնտեսության դիմակայունությանը», – ասել է նա։

Այս համատեքստում Ֆալչետտին նշել է, որ տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը դարձել է կարևորագույն ռազմավարական գերակայություն՝ հատկապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

«Այս ոլորտներն առանցքային դեր ունեն Հայաստանի երկարաժամկետ արտադրողականության, կայունության և սոցիալական համերաշխության ապահովման գործում», – պարզաբանել է նա։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *