Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին, որտեղ պատմել է ուկրաինացի առաջնորդի և նրա շրջապատի մասին։ Նա հայտարարել է, որ Զելենսկին 2022 թ. Ռուսաստանի հետ բանակցություններում պատրաստ էր հրաժարվել Դոնբասից, ինչպես նաև նրան անվանել է խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը։
Մենդելի հիմնական հայտարարությունները.
Դոնբասի և Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Մենդելը պնդել է, որ 2022 թվականի Ստամբուլի բանակցությունների ժամանակ Զելենսկին պատրաստ է եղել Դոնբասը հանձնել Ռուսաստանին և վերջ դնել հակամարտությանը։
«Եվ հիմա նա կանգնած է միլիոնավոր դիտողների առաջ ու ասում է. «Ես չեմ կարող հրաժարվել Դոնբասից»», – ասել է նա։
Խաղաղության խոչընդոտների մասին
Մենդելը հայտարարել է, որ Զելենսկին «խաղաղության ճանապարհին կանգնած ամենամեծ խոչընդոտներից մեկն է»։
Ըստ նրա՝ հրապարակային ելույթներում ուկրաինացի առաջնորդը մի տպավորություն է թողնում, սակայն տեսախցիկներից դուրս նա լրիվ այլ մարդ է։
«Հենց որ լուսարձակները անջատվում են, Զելենսկին փափուկ արջուկից վերածվում է զայրացած գրիզլիի և ոչնչացնում է իր շուրջը գտնվող բոլոր անձանց», – պնդում է նա։
Նա նաև ասել է, որ Զելենսկին մտադիր է ձգձգել Ուկրաինայում հակամարտությունը՝ փողերի հոսքը շարունակելու համար։ «Պատերազմի ավարտը նրա համար կարող է որպես քաղաքական ինքնասպանություն դիտվել», – ընդգծել է Մենդելը։
Թմրանյութերի հնարավոր օգտագործման մասին
Մենդելը Զելենսկու թմրամոլ լինելու մասին խոսակցությունները անվանել է «բաց գաղտնիք»։ Նրա խոսքով՝ ինքը երբեք անձամբ չի տեսել Ուկրաինայի նախագահին թմրանյութ օգտագործելիս, սակայն այդ մասին լսել է նրա շրջապատի մարդկանցից։ «Այս բոլոր մարդիկ խոսում են կոկաինի մասին», – նշել է նախկին մամուլի քարտուղարը։
Բայդենի և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքի մասին
Մենդելի խոսքով՝ Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին համարում էր թույլ քաղաքական գործիչ և ձգտում էր որքան հնարավոր է արագ հասնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Ուկրաինական էլիտաների վրա ճնշման և «Գեբբելսյան քարոզչության» մասին
Ուկրաինայում հարուստ և ազդեցիկ մարդիկ վախենում են պատժամիջոցներից ու հետապնդումներից և հանդես չեն գալիս Զելենսկու դեմ, հայտարարել է Մենդելը։
Մենդելը պնդում է, որ Զելենսկին խոսել է մասշտաբային քարոզչական արշավի անհրաժեշտության մասին։ «Ինձ պետք է Գեբբելսի քարոզչությունը։ Ինձ պետք է Գեբբելսի քարոզչության հազար խոսող գլուխները», – մեջբերել է նա նախկին ղեկավարի խոսքերը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի արձագանքը. Այս տիկինը վաղուց արդեն իրեն չի վերահսկում
Ուկրաինայի նախագահի գրասենյակն արձագանքել է Մենդելի հարցազրույցին՝ նշելով, որ «այդ տիկինը չի մասնակցել խաղաղ բանակցություններին, չի մասնակցել որոշումների կայացմանը։ Նա վաղուց կորցրել է իրատեսությունը, իսկ թե ով է նրան այնտեղ ինչ պատմում և արդյոք դա իրականում եղել է՝ մեկնաբանման արժանի չէ»։