Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։

Ինչպես Freedom Broker Armenia–ին հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխված դոլարային պարտատոմսերի պայմաններն էին` անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային: 

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկայացնող ընկերությունները։

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ 

Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12,4 մլրդ դոլար (2026թ. մարտի դրությամբ)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *