Ես արձակուրդում եմ և գտնվում եմ Հայաստանում, երեկ եմ եկել։ Այս մասին NEWS.am–ի թղթակից հետ զրույցում նշեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Մեկ տարի և 7 ամսվա ընթացքում որոշեցի, որ կարող եմ ինձ թույլ տալ իմ անցած տարվա արձակուրդն իրացնել»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ օրեր առաջ իրեն հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոք հայտնել, որ Հայաստանը Երևանում հարթակ է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և վերջինս Ռուսաստանի դեմ հայտարարություններ է արել, Արսենյանն ասաց. «Հայաստան հայտագիր չի փոխանցվել, Ռուսաստանի կողմից մեզ որևէ բան, որևէ թղթային կրիչ չի եղել։ Եղել է բանավոր զրույց, որի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ–ն։ Հայտագիրը նոտան է, ինձ նման բան չեն տվել»։ Հարցին՝ այդ հարցով ԱԳՆ–ում որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է, նա պատասխանեց. «Ես արձակուրդում եմ, չեմ աշխատում»։