Աշխարհում ներքին տեղահանվածների թիվը 10 տարվա մեջ առաջին անգամ նվազել է․ IDMC

2025 թվականին ներքին տեղահանված անձանց թիվը կազմել է 82,2 միլիոն մարդ՝ նվազելով վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ։ Ըստ Ներքին տեղահանման մոնիթորինգի կենտրոնի (IDMC) զեկույցի՝ հակամարտություններն ու բռնությունը գերազանցել են բնական աղետներին՝ որպես մարդկանց սեփական տներից փախուստի հիմնական պատճառ։

«2025 թվականի վերջի դրությամբ՝ 104 երկրներում և տարածաշրջաններում ավելի քան 82,2 միլիոն մարդ է ապրել ներքին տեղահանման պայմաններում։ Սա վերջին տասնամյակի ընթացքում առաջին անկումն է, սակայն ընդհանուր թիվը շարունակում է բարձր մնալ»,- նշված է զեկույցում։ 2024 թվականին ներքին տեղահանված անձանց թիվը կազմել էր 83,5 միլիոն մարդ։ 2016 թվականին IDMC-ն նրանց թիվը գնահատել էր 38,9 միլիոն, և այդ ժամանակից ի վեր այս ցուցանիշն անշեղորեն աճել էր։

2025 թվականին հակամարտություններն ու բռնությունը ստիպել են 32,3 միլիոն մարդու լքել իրենց տները, ինչը 40%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ըստ զեկույցի՝ սա ռեկորդային ցուցանիշ է IDMC-ի փորձագետների կողմից վիճակագրության վարման ողջ ընթացքում։ Բնակչության նման տեղաշարժեր արձանագրվել են հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Իրանում։

Նույն ժամանակահատվածում բնական աղետները հանգեցրել են 29,9 միլիոն մարդու տեղահանմանը, ինչը 35%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Մեծ մասը՝ 17,9 միլիոն մարդ, տունը լքել է փոթորիկների պատճառով։ Ընդ որում, եթե հակամարտությունները դիպչել են 42 երկրների բնակչությանը, ապա վատ եղանակը բնակչության տեղաշարժեր է առաջացրել 140 երկրներում և տարածքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *