Արտակ Ավետիսյանին բերման են ենթարկել ատելություն, թշնամանք հրահրելու կամ քարոզելու համար

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ այսօր՝ մայիսի 12–ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացի Արտակ Ավետիսյանին, ով բացականչում էր «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Նա պատրաստակամություն է հայտնել կամավոր նստել ոստիկանական մեքենան, սակայն իրավապահները, այդուհանդերձ, որոշել են նրան մեքենա նստեցնել ձեռնաշղթաներով։ Այդ ընթացքում քաղաքացին շարունակել է բացականչել «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Ի վերջո, ոստիկանները քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 12-ին իր թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավ է իրականացնում Շենգավիթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *