Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի «սրտիկների» մասին. Հայ ժողովրդին պետք չէ մարդակերի սերը

ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ երկրի գործող իշխանություններին համեմատել է մարդակեր ցեղերի հետ։

«Այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ամենուր սրտիկներ են։ Մի քիչ էլ, ու կհայտնվեն այլ օրգաններ՝ երիկամներ, էլի ինչ-որ բան։ Կարծում եմ՝ դա արվում է ցույց տալու համար, թե իբր իշխանությունները ձեզ սիրում են։ Դա ուղերձ է։ Իբր թե սիրում է երկիրն ու ժողովրդին։ Նորմալ մարդն ի՞նչ նկատի ունի՝ ասելով սիրել երկիրը և սիրել ժողովրդին։ Ենթադրվում է, որ սիրել երկիրը՝ նշանակում է երկրի դարպասները փակ պահել։ Այդպե՞ս է։ Ո՛չ։ Ուրեմն՝ չի սիրում։ Ի՞նչ է նշանակում սիրել ժողովրդին։ Առաջին հերթին՝ ապահովել անվտանգությունը։ Ի՞նչ արեցին։ Հրահրեցին պատերազմ, 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, տարածքային կորուստներ»,- թվարկել է Քոչարյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ կան մարդակեր ցեղեր, որոնք նույնպես սիրում են մարդկանց, բայց այլ նպատակներով, ավելի ճիշտ՝ մարմնի տարբեր մասերը՝ ինչ-որ բան ավելի շատ, ինչ-որ բան՝ քիչ։ «Մեզ պետք չէ մարդակերի սերը։ Նման սերն ուղղեք Ադրբեջանի կողմը»,- խորհուրդ է տվել Քոչարյանը՝ պատմելով մի պատմական անեկդոտ այն մասին, թե ինչպես մարդակեր ցեղերից մեկը կերել էր եվրոպացի քաղաքական գործչի, և ի պատասխան եվրոպական երկրի իշխանությունների վրդովմունքի՝ առաջարկել էր ուտել իրենց դեսպանին։

«Գրողի ծոցը կորեք նման սիրով»,- նշել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ երբ սիրում ես, անում ես ամեն ինչ, որպեսզի սիրելի մարդն անվտանգ լինի։ «Դա է մեր ժողովրդի կոդը, այդպես պետք է ապրել»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *