Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական նամակ է հղել «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին՝ հրավիրելով այցելել Բրյուսել։ Միաժամանակ, գերատեսչությունը հրաժարվել է հստակեցնել հրավիրյալների ցանկը, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք ԵՄ-ն կվճարի աֆղանական պատվիրակության թռիչքի և կեցության համար։
Հաստատելով Euractiv պարբերականի տեղեկությունը (որը Հանձնաժողովը նախկինում հերքում էր), պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հրավերն ուղարկել է Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինությունը (DG HOME)՝ Շվեդիայի արդարադատության նախարարության հետ համատեղ։
«Ես կարող եմ հաստատել, որ նամակ ենք հղել Աֆղանստանի փաստացի իշխանություններին՝ հստակեցնելու տեխնիկական մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը այստեղ՝ Բրյուսելում»,- հայտարարել է մամուլի քարտուղարը՝ հրաժարվելով մանրամասնել յացը։
Բանակցությունների գլխավոր թեման լինելու է աֆղան ներգաղթյալների արտաքսումը կամ «վերադարձը», որոնք, ըստ Հանձնաժողովի հայտարարության, «կեցության իրավունք չունեն և անվտանգության սպառնալիք են ներկայացնում»։
Բանակցությունները չափազանց զգայուն են, քանի որ ԵՄ-ն պաշտոնապես չի ճանաչում իսլամիստների վարչակարգը։ Բրյուսելը բազմիցս դատապարտել է «Թալիբանին» կանանց իրավունքների և մամուլի ազատության սահմանափակման համար։
«Եվրոմիությունը մանդատ ունի պահպանելու օպերատիվ փոխգործակցություն Աֆղանստանի փաստացի իշխանությունների հետ։ Այս հանդիպումը ոչ մի դեպքում չի նշանակում վարչակարգի ճանաչում»,- ընդգծել են Հանձնաժողովում։
Հանդիպումը նախաձեռնվել է Շենգենյան գոտու 20 երկրների հարցումներից հետո։ ԵՄ-ն ձգտում է մշակել համակարգված մոտեցում քաղաքացիներին բարդ քաղաքական իրավիճակ ունեցող երկրներ վերադարձնելու հարցում։
Բրյուսել մեկնելու համար «Թալիբանի» պաշտոնյաներին անհրաժեշտ կլինեն բացառիկ վիզաներ Բելգիայից՝ որպես ԵՄ ինստիտուտները հյուրընկալող երկիր։ Այս քայլը, հավանաբար, ներքաղաքական վեճեր կառաջացնի հենց Բելգիայում։
Դիվանագիտական շփումներն ակտիվացել են, երբ Գերմանիան 2024 թվականից ի վեր արտաքսել է դատվածություն ունեցող շուրջ 100 աֆղանցիների։ Այդ փորձը մեծացրել է եվրոպական այլ երկրների հետաքրքրությունը նմանատիպ քաղաքականություն իրականացնելու հարցում։