Այլ ճանապարհ ուղղակի չկա – Հրապարակ

Կարծում եմ, որ բոլոր հայրենասեր ու գրագետ հայաստանցիները կողմ են, որպեսզի կյանքի կոչվի միասնական ընդդիմություն կազմավորելու գաղափարը: Հատկապես որ «Հայաստան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել են, որ իրենց ձայները տալու ամենաշատը քվե հավաքած ընդդիմադիր քաղաքական ուժին: Եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դառնա հենց այդ ուժը, ապա հենց դրան: Իսկ «Ուժեղ Հայաստան»-ն էլ իրեն դիրքավորում է որպես հենց այդպիսի ուժ: Քաղաքական այս դասավորությունը նման է 1996-ի նախագահական ընտրությանը, երբ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ մասնակցելով ընտրական քարոզարշավին, իրենց ընտրողներին կոչ էին անում աջակցել Վազգեն Մանուկյանին:

Ի՞նչն է խանգարում, որպեսզի նույն երևույթը տեղի ունենա հենց այս օրերին: Եթե ասվի, որ ամբիցիաները, ապա ո՞ր ամբիցիաները: Եթե «Հայաստան» դաշինքում ենթադրում են, որ իրենք են լինելու առաջինը, ապա վերը նշված հայտարարությունը չէր արվի: Ու իրենց կպահեին այնպես, ինչպես Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը: Եվ քանի որ դա չի արվել, ապա գիտակցել են, որ 2021-ին իրենց ստացած ձայների ահագին մասը կազմել են ինձ նման ընտրողների քվեները: Ովքեր ժամանակին դեմ են եղել նախկիններին, սակայն մերժելով խայտառակ պարտության խորհրդանիշ Նիկոլին՝ ձայն են տվել Քոչարյանին: Այսինքն, այն ընդդիմադիր ուժին, որի շանսերն ավելի բարձր էին: Իսկ այս անգամ՝ նույն տրամաբանությամբ, ձայն ենք տալու «Ուժեղ Հայաստան»-ին: Ի դեպ, առանց որևէ ակնկալիքների, քանի որ մեզ համար էականը երկիրը Նիկոլից ազատելն է: Կարծում եմ, որ ասվածն ինչ-որ չափով վերաբերում է նաև Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Չնայած կուսակցությունն ունի իր ընտրազանգվածը թե՛ մարզիկների և թե՛ գյուղացիների և ինչ-որ չափով՝ նաև մտավորականների շրջանում:

Թե՛ առաջինի և թե՛ երկրորդի ղեկավարությունից կարող են ասել, որ Ազգային ժողովում իրենց ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր առաջին ուժը չվերածվի ՔՊ-ի: Այսինքն, հրեշին սպանող հերոսը չվերածվի հրեշի: Բայց դա չի կարող լինել նույնիսկ տեսականորեն, քանի որ, նախ, 2026-ի Հայաստանը բացարձակ նման չէ 2018-ի Հայաստանի: Ու եթե 2018-ի Հայաստանի նոր իշխանության խնդիրը պայքարն էր նախկինների դեմ՝ հիշենք «Մերժենք Սերժին» կարգախոսը, ապա այսօրվա խնդիրները բոլորովին այլ են: Երկրորդ, մարդիկ տեսան, թե ինչ է պատահում՝ երբ հրեշին սպանած հերոսը վերածվում է հրեշի: Հայաստանն այնքան ռեսուրս չունի, որպեսզի երկրորդ անգամ անցնի այն ուղին, որով անցել էր Նիկոլի օրոք: Երրորդ. թշնամին բաց չի թողնի պահը, որպեսզի վերջնականապես լուծի Հայաստանը վերացնելու խնդիրը: Եվ, վերջապես, չորրորդ. չեմ կարծում, թե մեր ժողովուրդն այնքան անմակարդակ է, որ նրա լավագույն ներկայացուցիչները կրկնեն ու, ըստ այդմ, ավարտեն Նիկոլի կիսատ թողած գործը՝ Հայաստանի վերացումը:

Չմոռանանք նաև, որ ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի ղեկավարությունը խնդիրներ ունի Նիկոլի իշխանության հետ: Ինչը նշանակում է, որ պետք է մոռացվեն հռչակված նպատակին խոչընդոտող բոլոր ամբիցիաներն ու մի կողմ դրվի խանդը: Իսկ եթե իրենց կողմից որդեգրվելու է այդ մտածողությունը, ապա գործող իշխանության դեմ հաղթանակի գրավականը կարող է լինել երեքը մեկում մեխանիզմը: Եվ որքան արագ գան այդ ըմբռնմանը, այնքան հիմնավոր կդառնան երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու շանսերը: Իսկ եթե փորձեն առանձին-առանձին լուծել իրենց խնդիրները, ապա կհայտնվեն այն իրավիճակում, որում այսօր գտնվում է խորհրդարանական ընդդիմությունը:

Նույնիսկ ավելի վատ, քանի որ Նիկոլի վերարտադրության դեպքում գործընթացները տանելու են կարծր ավտորիտար համակարգից բռնապետության հաստատմանը: Եվ վերջնարդյունքում թուրքական կամ ադրբեջանական գերիշխանությանը հպատակվելուն: Հենց թուրք-ադրբեջանական և ոչ թե եվրոպական: Այլ ճանապարհ ուղղակի չկա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *