«Հրապարակ»․ Վստահ եմ, Զելենսկին դա արեց միտումնավոր` Հայաստան- Ռուսաստան լարվածությունը մեծացնելու համար

«Հրապարակի» զրուցակիցն արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն է:

– ՌԴ նախագահը Հայաստանին օրեր առաջ ուլտիմատում ներկայացրեց, թեժամանակն է հստակ որոշում կայացնելու` ԵՄ, թե՞ ԵԱՏՄ: Նույնիսկ առաջարկեց այդ հարցը որոշել հանրաքվեով, որ ժողովրդի տեսակետը պարզ դառնա: Նաեւ մինչեւ մայիսի 28-ը ժամանակ տվեց, որպեսզի ՀՀ իշխանությունները կոնկրետություն մտցնեն այս հարցով: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց այս փուլում ՌԴ-ն որոշեց այս քայլին գնալ:

– Ես դա չեմ ընկալում որպես ուլտիմատում, առավել եւս՝ չեմ կարծում, որ կսահմանվի վերջնաժամկետ: Չեմ բացառում, որ սա Պուտինի կողմից էքսպրոմտ էր եւ ոչ թե արդեն իսկ մշակված քաղաքականության դրսեւորում: Ամեն դեպքում, այս հայտարարությունը ես որպես ուլտիմատում չէի դիտարկի, առավել եւս՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի համատեքստում:
Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի հարցազրույցից հետո որոշակիորեն անտեսվեց ՌԴ նախագահի մեկ այլ կարեւոր ուղերձը՝ հնարավոր «քաղաքակիրթ ամուսնալուծության» վերաբերյալ։ Վերջին 35 տարվա ընթացքում սա, թերևս, առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի առաջնորդը նման հարց է բարձրաձայնում այսպիսի ձևակերպմամբ։ Ռազմավարական տեսանկյունից նույնիսկ նման հիպոթետիկ հարցադրումը վկայում է ռուսական ռազմաքաղաքական վերնախավի շրջանում ռուս-հայկական հարաբերությունների պարադիգմն արմատապես վերանայելու պատրաստակամության մասին։ Այս համատեքստում մեր հասարակությունը պետք է պատասխանի երկու հիմնարար հարցերի. նախ՝ արդյոք մենք ցանկանում ենք «ամուսնալուծություն», և ապա՝ եթե այո, ապա ինչպիսի՞ն պետք է լինի այդ գործընթացը՝ քաղաքակի՞րթ, թե՞ սկանդալային։ Ենթադրում եմ, որ այս հարցերի պատասխանները մեծապես պայմանավորված կլինեն առաջիկա ընտրությունների արդյունքներով։

– Բայց Հայաստանի իշխանությունները, ակնհայտորեն, մի քանի լարի վրա են փորձում խաղալ: Փաշինյանը ձգտում է մնալ ռուսական ազդեցության գոտում, միեւնույն ժամանակ Արեւմուտքի հետ է, Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է տեղի ունենում, հակառուսական հայտարարություններ են հնչում եւ այլն:

– Շատ ռուս փորձագետներ եւս ընդունում են, որ Հայաստանին մինչ այս պահը հաջողվում է խաղալ երկու լարի վրա: Կան տարբեր պատճառներ, որոնք կարելի է երկար քննարկել: Եկեք մի բան խոստովանենք` այս խաղը նոր չի սկսվել, պարզապես ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Մոսկվան ավելի սուր է այն ընկալում եւ դրա մասին արտահայտվում: Հայաստանն ավանդաբար ձգտել է համադրել իր արտաքին քաղաքականության արեւմտյան եւ հյուսիսային վեկտորները: Խնդիրն այժմ բարդացել է. ծայրահեղ լարվել են ՌԴ-Արեւմուտք հարաբերությունները, եւ այդ պատճառով էլ փոխվել են ՌԴ-ի մոտեցումները եւ հռետորաբանությունը: Նախկինում քննարկումներ էինք ունենում ռուսական կողմի հետ, ինչը բացարձակ չի նշանակում, որ համաձայնեցնում էինք մեր քայլերը։ Օրինակ` 1999 թվականին Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր կնքվեց ԵՄ-ի հետ, եւ մենք ռուսական կողմի հետ քննարկեցինք այդ հարցը ստորագրելուց առաջ, բայց նորից եմ ասում` մենք չենք գնացել ռուսներից թույլտվություն խնդրելու, պարզապես, որպես ռազմավարական գործընկերներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել: Ի դեպ, եթե նախկինում ռուսական կողմը կտրուկ բացասաբար էր վերաբերվում ԱՊՀ երկրների համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, այժմ ռուսները չեն թաքցնում, որ ԵՄ-ն իրենց համար դարձել է շատ ավելի վտանգավոր, քան՝ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը, ենթադրաբար, չի կարող չարձագանքել այս ամենին, սակայն ուլտիմատում ես դեռ չեմ տեսնում: Այն, ինչ տեղի է ունենում, նախկինում արված հայտարարությունների սուր մեկնաբանություններն են: Ուշ թե շուտ, ԵՄ թե ԵԱՏՄ հարցը դրվելու էր ռուսների, ինչպես նաեւ՝ եվրոպացիների կողմից, եւ դրա մասին վաղուց է խոսվում: Ռուսաստանի համար դժվար է հանդուրժել, որ մեր տնտեսական ներուժն աճի իր հաշվին՝ իր օրբիտայից դուրս գալու եւ իր համար թշնամի կառույցի օրբիտա տեղափոխվելու նպատակով: ՌԴ-ի համար սա ֆունդամենտալ խնդիր է: Պուտինը տեսնում է, որ Հայաստանի տնտեսությունն արձանագրում է աճ` 6 տոկոս, մի քիչ՝ ավել, մի քիչ՝ պակաս: Աճը պայմանավորված է նաեւ ռուսական գործոնով, հատկապես` ռուսական գազի արտոնյալ գնով եւ ռուսական շուկայի մատչելիությամբ: Ուստի, ռուսները պարբերաբար հիշեցնում են ԵՄ եւ ԵԱՏՄ ռեժիմների անհամատեղելիության մասին։ Այս ֆոնին, Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից այս պահին դուրս գալու խնդիր չունի:

Արցախի հանձնումից եւ հայ-ադրբեջանական երկխոսության մեկնարկից հետո, երբ միջնորդական հիմնական դերակատարումը Մոսկվայից տեղափոխվեց Բրյուսել եւ Վաշինգտոն, Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում մանեւրելու հնարավորությունները, բնականաբար, մեծացան։ Խնդրահարույց է այն, որ այդ ֆոնին կտրուկ եւ ոչ տեղին վատթարացավ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական հաղորդակցությունը։ Ակնհայտ է, որ համապատասխան հռետորաբանությունն այսօր գնահատվում եւ փոխհատուցվում է ԵՄ-ի կողմից։ Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն անում է քայլեր, որոնք թեեւ, ըստ էության, հաճախ խորհրդանշական են, սակայն ընկալվում են որպես հակառուսական։ Մինչդեռ, փաստացի քաղաքականությունը, առավել եւս՝ ԵԱՏՄ-ի շրջանակում, դեռեւս պայմանավորված է ռուսական գործոնով եւ Ռուսաստանի ազդեցությամբ եւ ոչ թե գաղափարական կամ արժեքային ընտրությամբ։

– Վոլոդիմիր Զելենսկին Երեւանում ՌԴ-ին բացահայտ սպառնալիքներ հղեց: Տեսակետ կա, որ նման հայտարարություններն են ռուսական կողմին գրգռել:

– Ակնհայտ է, որ Զելենսկու ելույթը ռուսներին դուր չէր գալու: Ես ՀՀ կառավարությանը չեմ պաշտպանում, սակայն չեմ կարծում, որ հնարավոր էր Զելենսկու ելույթը մեզ հետ համաձայնեցնել: Վստահ եմ, որ Զելենսկին այդ քայլն արեց միտումնավոր` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունն ավելացնելու նպատակով:

– Ի՞նչ է ստացվում․ եթե ռուսական կողմը Հայաստանին ուլտիմատում չի ներկայացնում, ապա կրկին թո՞ւյլ է տալու, որ Փաշինյանը շարունակի լարախաղացությունը:

– Կա ԵԱՏՄ, կա կազմակերպության կանոնադրություն, եւ բոլոր նորմատիվ ակտերնընդունվում են ընդհանուր համաձայնությամբ, եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությունը դուրս չի գա ԵԱՏՄ-ից․ որքան որ հաջողվի, ԵԱՏՄ-ի ներուժը Հայաստանն օգտագործելու է: Կանոնադրությամբ էլ նախատեսված չէ, որ ԵԱՏՄ մեկ անդամ կարող է պահանջել մեկ այլ անդամի հեռացումն այդ կառույցից, քանի դեռ վերջինս չի ընդունել այնպիսի ազգային կարգավորումներ, որոնք անհամատեղելի են ԵԱՏՄ կանոնակարգերին: Ինչ վերաբերում է ջերմուկին, կոնյակին եւ այլ պարենային արտադրանքի հետ կապված խնդիրներին, դրանք եւս եղել են նախկինում, նոր բան չէ: Գործարարները միշտ պետք է ձգտեն դիվերսիֆիկացնել իրենց շուկաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *