ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիա


Բիզնես


ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրում ընթանում է նոր բուժամբուլատորիայի կառուցման շինարարությունը, որի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 142.5 միլիոն դրամ։

Նորակառույց կենտրոնը նախատեսված է ապահովելու բնակիչների համար հասանելի և ժամանակակից առաջնային բուժօգնություն։ Երկհարկանի կառույցում կգործի առողջության առաջնային պահպանման օղակը՝ հագեցած անհրաժեշտ գույքով և բժշկական տեխնիկայով։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ համայնքն իր հերթին իրականացրել է հողհատկացում, իսկ շինարարությունն ու անհրաժեշտ սարքավորումների տրամադրումն ամբողջությամբ կատարվում է պետական միջոցներով։

«Շատ եմ կարևորում հատկապես գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների առկայությունը»,- նշել է համայնքապետը, հավելելով, որ շինարարության ընթացքն ու տեմպերը գնահատվում են բավարար։ Շինարարի հավաստմամբ՝ շենքի շինարարությունը կավարտվի մոտ չորս ամսից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *