Ավստրալիան կմիանա Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած պաշտպանական առաքելությանը՝ Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, չորեքշաբթի հայտնել է պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը։
«Ավստրալիան պատրաստ է աջակցել անկախ և խիստ պաշտպանական բազմազգ ռազմական առաքելությանը, որը գլխավորում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հենց որ այն ստեղծվի», – ասվում է Մարլսի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Ավստրալիան կտրամադրի Wedgetail E-7A հեռահար ռադարային հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը (ԱՎԱԿՍ), որը արդեն տեղակայված է տարածաշրջանում՝ պաշտպանելու Արաբական Միացյալ Էմիրությունները իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։
Ապրիլին Լոնդոնում անցկացված երկօրյա հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ավելի քան 44 երկրների ներկայացուցիչներ, ռազմական պլանավորողները քննարկել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած բազմազգ առաքելության գործնական կողմերը՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար։ Հասանելի տվյալների համաձայն՝ շուրջ 40 երկիր արդեն համաձայնել է մասնակցել նման առաքելության։
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտնել է, որ «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ ֆրանսիական ավիակիրային հարվածային խումբը շարժվում է դեպի Մերձավոր Արևելք՝ որպես նախապատրաստություն Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունն ապահովող ապագա առաքելությանը մասնակցելու համար։
Իր հերթին, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թագավորական նավատորմի HMS Dragon նավը կուղարկվի Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային գործողությանը։