
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անվտանգության պահպանության հարցերով տեղակալ Ժիլ Միշոն իսրայելական Բեն-Գուրիոն օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ 45 րոպեով ձերբակալվել է, ըստ երևույթին, Գազա կատարած նախկին այցելության պատճառով։
Ynet-ի փոխանցմամբ, միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել «սխալ ինքնության պատճառով»։ Միշոն, իր հերթին, չեղարկել է Իսրայելում նախատեսված բոլոր հանդիպումները՝ նշելով, որ երբեք ոչ մի տեղ նման վերաբերմունքի չի հանդիպել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ձերբակալվել է Բեն-Գուրիոն օդանավակայան ժամանելուն պես։ Ստուգման ընթացքում նրա անձնագիրը բռնագրավվել է, և նրան ուղեկցել են սպասասրահ, որտեղ նա անցկացրել է մոտ 45 րոպե։
Այնտեղ նրան հարցաքննել են 2025 թվականի օգոստոսին Գազա կատարած իր պաշտոնական այցի վերաբերյալ, որը կատարվել է Իսրայելի հետ համակարգված։
Դեպքից հետո Միշոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ նման վերաբերմունքը անընդունելի է։ Ի նշան բողոքի՝ նա հայտարարել է Իսրայելում նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումների չեղարկման մասին և մտադիր է մոտ ապագայում լքել երկիրը։
Միշոյի Իսրայել ժամանման նպատակը չի նշվել։