Բրիտանական Financial Times պարբերականը, հղում անելով ուկրաինական և ռուսական իշխանությունների իր աղբյուրներին, հայտնում է, որ թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան այլևս բանակցություններ վարելու իմաստ չեն տեսնում։
Հրապարակման հեղինակները գրում են, որ Պուտինը «կենտրոնացել է ուկրաինական ավելի մեծ տարածքների ուժային զավթման վրա» և մտադիր է հետագայում ևս նորանոր պահանջներ ներկայացնել, նույնիսկ եթե նրան հաջողվի վերահսկողության տակ վերցնել Դոնբասի ողջ տարածքը։
Միևնույն ժամանակ, Կիևում կարծում են, որ Ուկրաինան այժմ շատ ավելի քիչ է ենթակա Թրամփի կողմից գործադրվող ճնշումներին, քանի որ կարողացել է կասեցնել ռուսական հարձակումը և հաջողությամբ խոցում է ՌԴ-ի խորը թիկունքում գտնվող թիրախները։
Ուկրաինացի պաշտոնյաները դժգոհ են, որ ԱՄՆ նախագահին չի հաջողվել որևէ փոխզիջում կորզել Ռուսաստանից։ «Ամերիկացիները չեն կարողացել որևէ առաջընթաց գրանցել ռուսական կողմի հետ հարաբերություններում», — պարբերականը մեջբերում է իր զրուցակիցներից մեկի խոսքը։
«Ռուսական իրազեկ աղբյուրները պարբերականի հետ զրույցում փաստել են, որ Պուտինը շարունակում է հավատալ ուկրաինական պաշտպանական բնագծերի մոտալուտ անկմանը։ Նրա այս համոզմունքը չեն սասանում անգամ ուկրաինական կողմի հաջողված գործողությունները կամ Հաղթանակի շքերթից զինտեխնիկայի դուրսբերումը»
«Ես համոզում էի նրան [այսինքն՝ Պուտինին] ավարտել [պատերազմը] ներկայիս ռազմաճակատի գծով։ Բայց նա անընդհատ ասում է՝ «Ո՛չ, ես այս հարցում չեմ կարող փոխզիջման գնալ»», — ասել է FT-ի աղբյուրներից մեկը, ով շփվում է Ռուսաստանի նախագահի հետ։
FT-ի զրուցակիցների տվյալներով՝ Պուտինին «զեկուցում են, որ ուկրաինացիները մեծ խնդիրներ ունեն, ռազմաճակատը քայքայվում է, և նրանց մարդկային ռեսուրսները սպառվել են»։
Ինչպես նշել են բանակցություններին մասնակցող երկու աղբյուրներ, Ռուսաստանի նախագահի «իրական հավակնությունները», հավանաբար, Ուկրաինայի զգալի մասը՝ ներառյալ Կիևն ու Օդեսան, վերահսկողության տակ վերցնելն է։ «Հիշեցնեմ, որ պլանը միշտ էլ եղել է Կիևը գրավելը։ Խնդիրը դրված է և պետք է կատարվի», — ասել է նրանցից մեկը։