Իրանի հետ հակամարտությունը կարող է 1 տրիլիոն դոլար արժենալ ԱՄՆ-ի համար․ CNN

Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ ընդհանուր ծախսերը կարող են կազմել 1 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Հարվարդի Քենեդու անվան դպրոցի փորձագետ Լինդա Բիլմսի ներկայացրած գնահատականին։

Նա հաշվի է առել ոչ միայն կարճաժամկետ ծախսերը, այլև երկարաժամկետ հեռանկարը։ Մասնավորապես, ԱՄՆ-ից մեկ տարուց ավելի ժամկետ կպահանջվի զինամթերքի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զինատեսակների պաշարները վերականգնելու համար. օրինակ՝ արձակված մեկ Tomahawk հրթիռի արժեքը ներկայումս գնահատվում է 2 միլիոն դոլար, սակայն դրա փոխարինումը կարող է արժենալ շուրջ 3,5 միլիոն դոլար։ Հակամարտության մեջ կիրառվող տեխնիկայի, այդ թվում՝ ավիակիր խմբերի միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկումը առաջիկա 4-5 տարիների ընթացքում կարող է կազմել տասնյակ և նույնիսկ հարյուր միլիարդավոր դոլարներ։ Բացի այդ, ԱՄՆ-ն ստիպված կլինի սոցիալական պարտավորություններ ապահովվել հակամարտության մեջ ներգրավված 55 հազար զինվորականների նկատմամբ։

Բացի այդ, փորձագետը հաշվի է առել հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչն արդեն հանգեցրել է վառելիքի և ապրանքների գների աճի (հենց ԱՄՆ-ում)։ Այսպիսով, չի բացառվում, որ մեկ գալոն բենզինի (3,79 լիտր) միջին արժեքը Միացյալ Նահանգներում առաջիկայում կարող է հասնել 5 դոլարի։

Երեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքն արդեն մոտենում է 29 միլիարդ դոլարին։ Այս գումարը ներառում է սարքավորումների վերանորոգման և փոխարինման ծախսերը, ինչպես նաև տարածաշրջանում անձնակազմի պահպանման գործառնական ծախսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *